

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվելու է ամրանների արտադրություն: Չարենցավանում կառուցվող գործարանի աշխատանքներին այսօր ծանոթացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև «Ձուլակենտրոն» ընկերություն, ծանոթացել վերջինիս արտադրական հնարավորությունների հետ:
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/04/030413Aske-Group.mp3
Փականագործ Գագիկն ամեն օր Երևանից Չարենցավան է գնում։ Նա և իր ընկերները կառուցում են ամրանների նոր գործարան։ Ամսական 150 հազար դրամ աշխատավարձից գոհ է ՝ մի պարզ պատճառաբանությամբ՝ եթե աշխատանքը կորցնի, ավելի վատ վիճակում կհայտնվի ընտանիքը։
Աշխատակիցները գոհ էին Չարենցավանում նոր կառուցվող ամրանների արտադրության գործարանից: «ԱՍԿԵ»-ն ամենայն հավանականությամբ շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը: Գործարանի շահագործումով կստեղծվի շուրջ 350 նոր աշխատատեղ։ 30 մլն դոլարի ներդրում է կատարվում, արտադրանքը նախատեսվում է իրացնել հիմնականում Հայաստանում, դեմ չեն լինի նաև Իրան ու Վրաստան արտահանել։
«ԱՍԿԵ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը հայտնում է, որ «ներքին շուկայի տարողությունը անցյալ տարի եղել է շուրջ 45 հազար տոննա, 2008-ին ՝մաքսիմում եղել է 130 հազար տոննա»։
«Չնայած ոլորտն ընդգրկված չէր արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության ռազմավարությունում, սակայն կառավարությունը աջակցում է նաև այս գործարանին»- ասում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միզոյանը: Միրզոյանը լիահույս է՝ ժամանակի ընթացքում ամրանների ներմուծումը կփոխարինվի արտահանումով:
Հայաստանում ամրանների արտադրություն իրականցվելու է առաջին անգամ: Կառավարությունը փորձում է վերադարաձնել Չարենացվանաի՝ խոշոր արտադրական քաղաք լինելու համբավը: Խորհրդային տարիներին արտադրական ձեռնարկություններով աչքի ընկնող Չարենցավանում աշխատում է նաև «Ձուլակենտրոն» ընկերությունը:
ԽՍՀՄ փոլւզումից հետո 1500 աշխատակից ունեցող գործարանում դժվարությունների պակաս չէր նկատվում, հերթական տհաճ անակնկալը 2009-ի ճգնաժամն էր, այժմ գործարանում աշխատում է 325 մարդ՝ միջինը 240 հազար դրամ աշխատավարձով: Սև և գունավոր մետաղներ են ձուլում: «Մեծ պարտքեր ունեինք ճգնաժամից հետո, վարկերով փակում ենք, դժվարությունները հաղթահարում ենք: Մոտ 300 մլն դրամ վարկ ենք վերցրել, մնացել է փակել 40 մլն-ը»,- ասում է ընկերության տնօրեն Արտակ Մելտոնյանը։
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի և ոչ միայն, սպասելիքները ոլորտից շատ են: Նա էլ է լիահույս, որ ներքին շուկայի պահանջարկը կբավարարվի, կստեղծվեն նոր աշխատատեղեր։