Միջազգային

Էշթոնը կոչ է անում վավերացնել զենքի առեւտրի պայմանագիրը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի կարծիքով՝ զենքի առևտրի վերաբերյալ պայմանագիրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, զենքի միջազգային առևտուրը կդարձնի ավելի «պատասխանատու ու թափանցիկ»: Նա կոչ է արել Եվրամիության երկրներին վավերացնել այն:
Միջազգային առաջին պայմանագիրը, որը կոչված է կանխարգելել զենքի բազմամիլիարդ ապօրինի շրջանառությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է երեքշաբթի: Պայմանագրի ընդունմանը կողմ է քվեարկել 154 պետություն, դեմ է եղել 3, ձեռնպահ` 23 երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը:
Պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար առնվազն պետք է այն վավերացնի 50 երկիր: Որոշումը բոլոր պետություններին կոչ է անում քննարկել Պայմանագիր կնքելու հնարավորությունը և կարճ ժամանակում միանալ այդ պայմանավորվածությանը:
Զենքերի վաճառքի մասին միջազգային պայմանագիրը ստորագրելու համար բաց կլինի 2013 թվականի հունիսի 3-ից:
Նշենք, որ պայմանագրի վերահսկողության տակ են հայտնվում  սովորական բոլոր զինատեսակները: Փաստաթղթի տեքստը կազմվել է 193 պետության ներկայացուցիչների բազմափուլ բանակցությունների արդյունքում, հատուկ այդ նպատակով  հրավիրված և անցած շաբաթ ավարտված ՄԱԿ-ի խորհրդաժողովի ընթացքում:
Սակայն մասնակից պետությունները չեն կարողացել վերջնական համաձայնության գալ փաստաթղթի տեքստի շուրջ: Վերջին հավաքի ժամանակ, որը ավարտվել է մարտի 28-ին, որոշումը արգելափակել են Իրանը, Հյուսիսային Կորեան և Սիրիան՝ այն անվանելով չհավասարակշված: Նրանց կարծիքով՝ պայմանագիրը մասնավորպես հնարավորություն է տալիս զենքի հիմնական մատակարարներին  թելադրել իրենց պայմանները:

Ցուցադրել ավելի
Back to top button