ԵՄ- ն դժգոհ է ղարաբաղյան բանակցություններից


Եվրամիությունը դժգոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության գրասենյակի ղեկավար Ռոլան Կոբիան։
«Եվրամիությունը Բաքվին առաջարկում է կատարել Մադրիդյան սկզբունքների շրջանակում ստանձնած պարտավորությունները և քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար»,- ասել է Եվրամիության պաշտոնյան:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ձևաչափը փոփոխելու վերաբերյալ հարցին՝ Կոբիան նշել է, որ օրակարգում նման հարց չկա:
Պաշտոնյան ասուլիսի ժամանակ ներկայացրել է նաև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Բաքվի հետ համագործակցությունն ամփոփող զեկույցը, որը հրապարակել է Եվրահանձնաժողովը և արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը։
Փաստաթղթում Բաքվին մասնավորապես կոչ է արվում «ջանքեր գործադրել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, մարդու հիմնարար իրավունքները երաշխավորելու, ինչպես նաև մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների ոլորտում և ընտրական գործընթացում առաջընթաց արձանագրելու համար»: