ՀասարակությունՄիջազգային

Գլենդեյլի ընտրություններում առաջին անգամ ընտրվեց հայաստանցի ծագման թեկնածուն

 Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Գլենդեյլ

Գլենդեյլում տեղական ընտրություններում Քաղաքային խորհրդի երեք անդամներից երկուսը հայ համայնքի ներկայացուցիչներն են։ Պայքարը թեժ էր. երեք թափուր աթոռի համար պայքարում էր 12 թեկնածու, նրանցից հինգը` հայ:
Համայնքն ակնկալում էր Քաղաքային խորհրդի երեք թափուր տեղերում տեսնել հայ գործիչների: Այդ նպատակի համար գլենդեյլահայերին աջակցության էին եկել նաև հարևան քաղաքների հայերը` օգնելով ինչով կարող էին: Նույնիսկ միկրոավտոբուսներ էին տրամադրել տեղամաս հասնելու համար, ինչն այստեղ օրենքը չի արգելում, քանի դեռ այդ ծառայությունը չի մատուցվում կոնկրետ թեկնածուի ձայն տալու պայմանով։ «Լոռի» միության նախագահ Ժիրայր Էքմեջյանը մեծ ակնկալիք ունի նոր ղեկավարներից։

Իրարից ձայներ խլելու` նախորդ տարիեների դառը փորձը չկրկնելու համար հայ թեկնածուներն այս անգամ, համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ,  համաձայնության եկան չպայքարել միմյանց դեմ և կոչ անել քվեարկել երեք հայերի օգտին:
Չնայած ոչ բոլորը հավատարիմ մնացին պայմանավորվածությանը, այդուհանդերձ, միասնականության ընդհանուր մթնոլորտը նպասատեց հայ ընտրողների ակտիվությանը, նշեց Գլենդեյլի բնակիչ Արթին Մանուկյանը։
Քաղաքային խորհրդի անդամներից բացի, Գլենդեյլն ընտրեց նաև Դպրոցների միացյալ խորհրդի երեք նոր անդամի, որոնցից երկուսը հայ են,  քաղաքի գանձապահին` նույնպես հայազգի և Քաղաքային խորհրդի քարտուղարին: Քարտուղարի պաշտոնը 2005-ից վարում է Արտաշես Քասախյանը։ Այս անգամ եւս նա վերընտրվեց։

Նախնական արդյունքների համաձայն, որոնք ըստ ամենայնի կլինեն նաև վերջնական, Գլենդեյլի քաղաքային խորհրդի երեք թափուր տեղից երկուսը գրավեցին հայ գործիչներ. Արա Նաջարյանը վերընտրվեց իր պաշտոնում, երկրորդ աթոռը գրավեց երիտասարդ հայ թեկնածու Զարեհ Սինանյանը:

Նրա հաղթանակով առաջին անգամ քաղաքի ղեկավար մարմնում ընդգրկվեց հայաստանցի գործիչ, ինչը  նշանակում է, որ հայ համայնքի համեմատաբար պասիվ հատվածը նույնպես սկսել է ակտիվանալ քաղաքական գործընթացներում։

Քաղաքային խորհրդի երեք նոր անդամների ընտրությամբ Գլենդեյլի տեղական ընտրությունների շուրջ հետաքրքրությունը դեռևս չի մարելու։ Երկու շաբաթ հետո՝ ապրիլի 19-ին, Քաղաքային խորհրդի հինգ անդամներն իրենց կազմից կընտրեն նոր քաղաքապետին: Հայ համայնքը մեծ ակնկալիքով սպասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button