Տնտեսական

Գյուղաշխատանքների սկիզբը Ագրարագյուղացիական միավորման նախագահին չի հուսադրում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Գյուղոլորտը շարունակում է սպասել բարեփոխումների, իսկ մինչ դրանք ուշանում են կամ իրականացվում են ոչ այնքան արդյունավետ, հանրապետությունում կրճատվում են ցանքերը, գյուղացիներին ոռոգման ջուրը շարունակում է վաճառվել ավելի թանկ, քան կարող էր լինել:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի մտահոգությունները, կապված գյուղատնտեսության ոլորտի հետ, այսքանով չեն ավարտվում: Նրա կանխատեսմամբ` մայիսից Հայաստանում մսի գներն էլ կբարձրանան:
Իրան ոչխարի մսի արտահանման սահմանափակումը նպաստեց գների կայունացմանը տեղական շուկայում: Խոզի մսի պարագայում իրավիճակը կայուն է, սակայն Բերբերյանը կարծում է, որ մայիսից խոշոր եղջերավոր անասունների մսի գնի բարձրացում կնկատվի, քանի որ սկսվում է լավ շրջան` անասուններն արոտավայր տանելու ու մինչ աշուն հեշտ պահելու համար: Այս ընթացքում մորթը կկրճատվի:

«Անասնագլխաքանակի աճի վերաբերյալ վիճակագրական տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»,- ասում է նա։
Հրաչ Բերբերյանն իր արձանագրած` բանջարեղենի ցանքատարածությունների կրճատումը պայմանավորում է արտագաղթով, կարտոֆիլի իրացման ծավալների կրճատմամբ, նաև` շուրջ հիսուն համայնքներում մորմազգիների ցեցի հասցրած վնասներով:
Ագրարագյուղացիական միավորման նախագահն այն համոզմանն է, որ գյուղոլորտին տրվող ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի անմիջապես գյուղացիներին, ոչ թե միջնորդ օղակներին:
Կոոպերատիվների վրա ծախսված գումարները, նրա կարծիքով, հայտնի չէ, թե ինչպես իրացվեցին, իսկ 1 մլն դոլարով ստեղծված ջուր օգտագործող ընկերությունները, պետության և գյուղացու միջև օղակ լինելով, գումարներ են աշխատում:
Նա ՋՕԸ-երի ստեղծումը անվանեց «խեղկատակություն»: Դրանց նախագահները, ըստ կանոնադրության, ընտրովի են, սակայն իրականում նշանակվում են մարզպետերի կողմից:
Ներկայում կառավարությունը 44 ջուր օգտագործող կազմակերպություններին 4.5 դրամով է մեկ խմ ոռոգման ջուրը վաճառում, վերջիններս էլ մեկ խմ-ն միջինում 11 դրամով վերավաճառում են հողօգտագործողներին:
Եթե ջրօգտագործման ցանցը փոխանցվի  գյուղապետարններին, դրանք կարող են մեկ խմ ջուրը հենց 4.5 դրամով էլ տալ հողօգտագործողին, համոզված է Բերբերյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button