Հասարակություն

Աուտիզմով հիվանդների թիվը աճել է նաեւ Հայաստանում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը: Ըստ վիճակագրական տվյալների՝ այս հիվանդությամբ տառապում է ամեն 88-րդ երեխան: Աուտիզմը աշխարհում ամենատարածված, սակայն քիչ բացահայտված հիվանդությունների շարքին է դասվում։
Կարևորելով օրվա խորհուրդը՝ հատուկ ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով հաստատել է հիվանդության տարբեր ձևերով տառապողներին աջակցությունը։
Վերջին տարիներին աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Այս հիվանդությունը հաղորդակցման, սոցիալիզացման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը և ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդացության աճը բացատրվում է դրա ախտորոշման կատարելագործմամբ։
Ցավոք՝ աուտիզմով հիվանդների թիվը ավելացել է մեր երկրում: Այսպես՝ առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերի կողմից մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրվել է աուտիզմի 502 նոր դեպք, որոնցից 121-ը միայն անցյալ տարի:
Հիվանդներին աջակցնան ծրագրեր է իրականացվում «Առաջինը՝ երեխաներին» բարեգործական ՀԿ կողմից, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց կառույցի ղեկավար Նանի Օսկանյանը։

Արդեն մեկ տարի է, որ մեր երկրում գործում է «Աուտիզմ» ազգային հիմանդրամը, որին կից գործում է աուտիզմով տառապող երեխաների կենտրոնը. միակը տարածաշրջանում: Դրա գործունեությանը աջակցում են ինչպես կառավարությունը, այնպես էլ բարերարները: Կենտրոն անվճար հաճախում է 65 հիվանդ երեխա, հայտնեց հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Աթաջանյանը։

Կենտրանում աշխատում է ամերիկացի բժիշկ Այրա Պաուլա Հեյվելը, ով գլխավորում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը։ Ըստ նրա՝ աուտիզմով հիվանդ երեխաները նման են թե Հայաստանում, թե այլ երկրներում:

Ինչևէ՝ մասնագետները պնդում են, որ աուտիզմով հիվանդները ունեն հասարակությանը լիարժեք անդամակցելու եւ ընտանիք կազմելու բոլոր նախադրյալները։ 

Ցուցադրել ավելի
Back to top button