ՀՀ նախագահը շնորհավորել է ասորական համայնքին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ Նիսանի առթիվ։
«Չեմ կասկածում, որ դուք այս գեղեցիկ տոնը նշելու եք արժանի շուքով և հանդիսավորությամբ` պահպանելով հավատարմությունը ձեր ազգային ավանդույթներին:
Հայ և ասորի ժողովուրդների դրացիությունն ու բարեկամությունը, համագործակցությունն ու մշակութային փոխհարստացումը դարերի պատմություն ունեն: Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում` հայերի և ասորիների ներկա սերնդին բախտ ու պատիվ է վիճակվել շարունակել ու նորովի զարգացնել այդ ավանդույթները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորելով բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, որ նոր տարում բազմապատկվեն ձեր հաջողությունները: Վստահ եղեք, որ մեր ընդհանուր հայրենիքը շատ ավելի ուժեղ է ձեզնով և ձեր հաջողություններով»,- ասված է շնորհավորական ուղերձում: