ԿարևորՔաղաքական

Կարգախոսները հայտնի են, ծրագրերը՝ ոչ այնքան

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունները` ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը քարոզարշավին նախորդող այս փուլում զբաղված են կազմակերպական խնդիրների լուծմամբ. որոշում են թե ինչ  ծրագրով ու  կագախոսներով են ներկայանալու,  քանի նախընտրական շտաբ են ունենալու և ովքեր են ղեկավարելու դրանք։
Թեև բոլորը խոստանում են ծրագիրն ու վերջնական կարգախոսները հրապարակել ապրիլի 7-ին՝  նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, բայց շատ բան այդուհանդերձ արդեն հայտնի է:
Կարգախոսներն, ի դեպ, իրար բավական նման են, որոշ դեպքերում անգամ պատկերացում չտվող, թե ով է դրա հեղինակը:

«Բարև Երեւան» դաշինքի մոտեցումը առավել քան պրագմատիկ է.  դաշինքն ընտրություններին կմասնակցի  «Բարև, Երևան» կագախոսով:
Փոփոխությունների ՀՀԿ մոտեցումն այս անգամ կարգախոսներում օգտագործել են ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Առաջինը երկու կարգախոս ունի՝ «Փոխելու ենք» և «Սկսենք Երևանից»: Թե որը կդառնա հիմնականը,  ԲՀԿ-ում ավելի ուշ կորոշեն: Փոփոխությունների մասին կարգախոսով խոսում է նաև Դաշնակցությունը. ՀՅԴ-ն «Երևան, փոխի’ր Հայաստանը» կարգախոսն է ընտրել:

Հանրապետականն այս անգամ «Ավելի լավ Երևան» կարգախոսով կներկայանա, իսկ ՕԵԿ կարգախոսն ավելի շատ կխոսի կուսակցության ներուժի, քան՝ Երևանի մասին։ «Մենք կարող ենք ավելին» երևանցիներին ուղղված այս կոչն ընտրեց   «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչությունն իր վերջին նիստում։
Ինչ վերաբերում է նախընտրական շտաբներին, ապա ամենամեծ քանակով շտաբեր, ըստ մինչ այժմ հայտարարվածի,  կունենա Հանրապետական կուսակցությունը՝ 400-ից ավելի: ՀՀԿ նախընտրական շտաբը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը։
ԲՀԿ-ն մինչ այժմ մոտ 160 շտաբի մասին է խոսել: Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը կլինի  ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը։
«Օրինակ երկրի» նախընտրական շտաբը  կղեկավարի  խորհրդարանակն խմբակցության ղեկավար  Խաչիկ Հարությունյանը: ՕԵԿ-ը Երեւանում մոտ 50 նախընտրական շտաբ կունենա:

ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավարը կլինի Աղվան Վարդանյանը, շտաբների քանակը հայտնի չէ, դրանք կստեղծվեն ըստ անհրաժեշտության:
«Բարեւ, Երեւան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Գագիկ Բաղդասարյանը:
Հայ ազգային կոնգրեսը շտաբի ղեկավարի հարցում առայժմ վերջնական որոշում չունի:

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա կուսակցությունները վերջնական տեսքով դրանք հրապարակել պատրաստվում են քարոզարշավի մեկնարկին: Կասկած չկա, որ մի քանի թեմաներ կլինեն բոլոր ծրագրերում:
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերը ծրագրերում կխոսեն Երևանի արդյունավետ կառավարման, կանաչ տարածքները մեծացնելու, մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու մասին։
Բայց կլինեն նաև գաղափարներ, որոնք կպայմանավորեն այս կամ այն ծրագրի առանձնահտկությունը: Օրինակ, ՕԵԿ-ը մի քանի յուրահատուկ գաղափարների մասին արդեն հնչել է կուսակցութան  համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանի կողմից։

«Իսկ ինչո՞ւ մեր մայրաքաղաքի ամբո ջ տարածքը պետք է պատված չլինի մետոյի կայարաններով»,- ասում է նա։

ՕԵԿ-ն, ի դեպ, այս առումով ոչ միայն հարց , այլ նաև առաջարկ ունի:

«Թող որոշում ընդունեն, որ  ոլորտի պատասխանատուները պետք է աշխատանքի գնան ու գան ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ հասարակական տրանսպորտով: Թող հասկանան, թե դա ինչ է նշանակում»:

Մեկ այլ յուրահատուկ առաջարկ նույնպես ՕԵԿ-ից:

«Օրինակ ծերապարտեզներ ինչո՞ւ մենք չունենք: Երեխաներին տանում ենք մանկապարտեզներ, ինչո՞ւ նման հաստատություններ չենք կարող ունենալ ծերերի համար»:

Մեկ այլ առաջարկ էլ ՀՅԴ-ից. Աղվան Վարդանյանին ոչ միայն քաղաքի կառավարման համակարգի  կուսակցականացումն է մտահոգում, այլ նաև համատիրությունների վիճակը։
«Ժամանակին  երբ ստեղծվում էին համատիրությունները, նպատակն այն էր, որ դրանք քաղաքացիների ինքնակառավարման խնդիր պետք է լուծեն: Այժմ դրանք ընտրական համակարգի են վերածվել: Համատիրությունները զբաղված են միայն ընտրական ցուցակներ կազմելով, ընտրություններին նախապատրաստվելով, պարզելով, թե բնակիչներից ով է Հայաստանում, ով ՝ ոչ: Դ ուք բոլորդ բնակիչ եք, գիտեք»,- ՀՅԴ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ավան Վարդանյանը։

Ծրագրային մյուս մանրամասները, առանձնահատուկ, թե՝ ոչ, կուսակցությունները կբացահայտեն ավելի ուշ: Մենք նույնպես դրանց կանդրադառնանք քարոզարշավի ընթացքում :
Մինչ այդ հիշեցնեմ,  որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին։

Back to top button