Հասարակություն

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն` Բալահովիտում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով այսօր եղան Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մերձակա տարածքում, որտեղ ստեղծվելու է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Պաշտոնյաները տեղում ծանոթացան առկա ենթակառուցվածքին, որը հիմնականում ձևավորվել էր դեռևս անցյալ դարի կեսերին:

Այստեղ, Բալահովիտում ավելի քան 60 տարի գործել է կապի հույժ գաղտնի մի կենտրոն, որի գոյության մասին քչերը գիտեին: Շուրջ 65 մետր խորությամբ գտնվող ստոգետնյա կառավարման կենտրոնում կարծես թե պահպանվել էր Խորհրդային Միության շունչը: Սենյակներից մեկում դեռևս փակցված էր ԽՍՀՄ մեծադիր քարտեզը: Այս տարածքը մինչև 2010 թվականը պատկանում էր «Ռադիո» Փակ Բաժնետիրական Ընկերությանը, այնուհետև կառավարության որոշմամբ` հատկացվել է ԱԻ նախարարությանը: Այստեղ նախատեվում է ստեղծել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն, լրագրողներին հայտնեց Բալավովիտ այցելած Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց, որ մոտ ժամանակներս ԱԻ նախարարության ենթակայությանը կհանձնվի և Ստեփանավանի օդանավակականը:
Իր հերթին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտնեց, որ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, ամենայն հավանականությամբ կսկսի գործել մինչև տարևերջ: Առաջին հերթին նա կարևորեց եղած ենթակառուցվածքի տեխնիկական վերազինումը:
Ամռան ամիսներին նախատեսվում է իրականացնել մեծածավալ շինարական և վերանորոգման աշխատանքներ, ինչը թույլ կտա եղած ենթակառուցվածքը արդիականացնել` ժամանակին համընթաց:

Ցուցադրել ավելի
Back to top button