ԿարևորՀասարակություն

Ինչպես բարձրացնել դատարանների նկատմամբ վստահությունը

Լուսիեն Վասիլյան
«Ռադիոլուր»

Մոտ մեկ տարի առաջ, երբ հաստատվում էր դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի քանի խոստումներով նախանշեց ամենահիմնական անելիքները: Դրանցից ամենհիշարժանը խոստումն էր, որ ընդամենը մի քանի տարի անց բոլորովին այլ դատական համակարգ ենք ունենալու և որ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ կրկնակի աճելու է: Ծրագիրն արդեն գործողության մեջ է մոտ մեկ տարի. տեսնում են արդյո՞ք ոլորտի մասնագետներն այն նախադրյալները, որոնք պետք է ապահովեն այս խոստումների իրագործումը:

Դատաիրավական բարեփոխումների՝ 2012-ից 2016 թվականների համար նախատեսված ծրագիրը, նախարար Հրայր Թովմասյանի բնորոշմամբ, հավակնոտ է, ընդգրկուն և լուծում է տալու համակարգում կուտակված եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ խնդիրների: Հիշեցնեմ, նախարարը բարեփոխումների քառամյա ծրագրի իրականացումն առաջին հերթին իր, ապա նաև իշխանությունների պատվի խնդիրն էր համարել: Իրավաբան Գրիգոր Մինասյանի կարծիքով՝ առաջիկա 4 տարիների համար առաջարկված փաստաթուղթն իսկապես հավակնոտ է , ընդգրկուն և ոլորտի գրեթե բոլոր խնդիրները դիտարկող:

«Կարծում եմ, որ սեղանին իսկապես գրագետ և բարձրակարգ փաստաթուղթ է դրված: Արդյունքները կախված են միայն այն հանգամանքից, թե ինչպես կիրագործվի այդ ծրագիրը և թե որքանով պատրաստ կլինեն նախանշված փոփոխույուններին ընդառաջ գնալ համապատասխան կառույցները»:

Ծրագրի իրականացման արդյունավետությունը ոլորտի պատասխանատուները, ինչպես հայտարարել են, փորձելու են գնահատել ըստ դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության մակարդակի: Բարեփոխումների ավարտին այն պետք է առնվազն կրկնապատիկ անգամ ավելի մեծ լինի այն ցուցանիշից, որ կա այսօրվա դատական իշխանության նկատմամբ: Իսկ բարեփոխումների մենկարին որոշ հետազոտություններ անգամ հանրության մոտ 80 տոկոս անվստահությունն էին փաստում է դատական համակարգի նկատմամբ:

«Որոշակի առաջընթաց կա, բայց կա նաև այն իրավիճակը, երբ առանձին դատավորներ իրենց ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդյունավետ կամ անբարեխիղճ աշխատանքի արդյուքնում վարկաբեկում են ողջ համակարգը»:

2013-ի համար, ի դեպ, խոստացվել է , որ պետք է լուծվի դատավորին ներկայացվող պահանջների, դատավորների առաջխաղացման չափորոշիչների հստակեցման հարցը: Արդյո՞ք դրանց մշակմամբ հնարավոր կլինի ազատվել այն դատավորներից, որոնց գործունեության արդյունքում է դատական համակարգը քննադատության առարկա դառնում: Գրիգոր Մինասյանի կարծիքով ՝ չափորոշիչների մշակումը, անհրաժեշտ բայց ոչ բավարար նախապայման է: 2012-ին կարգապահական վարույթ հարուցվեց 22 դատավորի նկատմամբ: Զրուցակցիս կարծիքով՝ անկախ հանգամանքից, թե ինչ ելքով են ավարտվում այդ վարույթները, դրանք մի կարևոր խնդիր լուծում են. դատավորին ստիպում են ավելի զգոն լինել:

«Այդ վարույթները ստիպում են դատավորներին ավելի զգոն լինել, հասկանալ, որ իրենց գործունեությունը խոշորացույցի տակ է: Սրանով փոխվում է այն մթնոլորտը, որ դատավորները պաշտպանված են իրենց վերադասներով, և կամաց-կամաց գնում է նրան, որ դատավորը սխալ թույլ տալու դեպքում պատասխանատվություն է կրում»:

Դատական համակարգի նկատմամաբ վստահության աճին նույն կերպ նպաստում են նաև դատական այն գործերը , որոնք հանրային ուշադրության կենտրոնում են: Նաև դրանց օրինակով է հանրությունը կազմում իր վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ:
«Արդյունքը չի կարող բավարարել բոլոր կողմերին, բայց երբ այն ընկալելի է և տրամաբանական, երբ պրոցեսը հասարակության կողմից գնահատվում է որպես արդյունավետ, ապա սա նույնպես նպաստում է դատական համակարգի նկատմամբ վտահության ձևավորմանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button