Թռչունների պոպուլյացիայի նվազման երեք գլխավոր պատճառները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
1906 թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանման մասին միջազգային կոնվեցիան: Եվ ամեն տարի Հայասատանում այդ օրը նշվում է մի շարք միջոցառումներով: Այսօր թռչունների պահպանման մասին իրենց մտահոգություններով լրագրողների հետ են կիսվել Հայաստանի թռչունների պահպանման միության անդամները: Հայաստանն ունի հարուստ թռչնաշխարհ և այսօր Հայաստանի տարածքում պաշտոնապես գրանցված է 352 թռչնատեսակ, որոնք միաժամանակ չեն հանդիպում, ասում է Հայաստանի Թռչունների պահպանման միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը:
Հայաստանում 100 տեսակ հազվագյուտ հանդիպող թռչնատեսակ կա, որը գրանցված է մեր ազգային Կարմիր գրքում, սակայն կան տեսակներ, որոնք գրանցված են միջազգային Կարմիր ցուցակում: Տեղեկացրեց Լյուբա Բալյանը և հավելեց, որ այս ցուցակում գրանցվածների վերաբերյալ իրենք ուսումնասիրություններ են կատարում, հետևում դրանց թվաքանակին, փորձում հասկանալ` որոնք են այդ տեսականու համար սպառնացող վտանգները:
«Սև անգղի քանակը շատ քիչ է` 10-12 զույգ, սակայն 10 տարի առաջ դրա թիվը 4-5 զույգ էր:50-ական թվականների սև անգղը Հայաստանում հանդիպում էր ամենուրեք: Իսկ հիմա բնադրավայրը Խոսրովի արգելոցն է: Սև անգղի նվազեցման հիմնական պատճառը կերի պակասն է»:
Բնապահպանական որոշ միջոցառումների հետևանքով որոշակի հաջողություններ գրանցել է միությունը:
Հայաստանի թռչունների միության փոխտնօրենն առանձնացրեց թռչունների թվաքանակի ու պոպուլյացիայի նվազման 3 գլխավոր պատճառները, որոնցից են թռչունների կենսամիջավայրի ոչնչացումը, որսը և իմացության պակասը: Հայաստանի թռչունների միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը խոստովանում է, որ իրենց միության և բնապահպանության նախարարության միջև չկա կայուն համագործակցություն: