ԿարևորՀասարակություն

Կարեն Անդրեասյան.«Ամենամտահոգիչը արդարադատության եւ մրցակցության պակասն է»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրել է 2012 թ. տարեկան զեկույցը: 136 էջից կազմված փաստաթուղթն անդրադառնում է քաղաքացիների իրավունքներին ու դրանց պաշտպանությանն այս կամ այն կերպ առնչվող 22 պետական կառույցի գործունեությանը և ըստ օմբուդսմենի՝ 148 համակարգային խնդիր է բարձրացնում: Ընդհանուր առմամբ, Պաշտպանը 2011-ի համեմատությամբ 2012-ին առաջընթաց է արձանագրում: Նա նկատելի դրական տեղաշարժ է արձանագրում խոսքի և հավաքների ազատության ոլորտում: Իսկ ամենալուրջ հիմնախնդիրները օմբուդսմենը շարունակում է տեսնել արդարադատության ոլորտում և սոցիալ-տնտեսական իրավիճակում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Պաշտպանի գրասենյակը ոլորտ առ ոլորտ ներկայացնում էր 2012 թ. տարեկան զեկույցը: Անդրադառնալով գրեթե բոլոր պետական կառույցների գործունեությանը՝ պաշտպանի գրասենյակը նշում էր դրանցից յուրաքանչյուրում առկա խնդիրները: Գերատեսչությունների մի մասի արձագանքն այդ գնահատականներին այնքան էլ միանշանակ չէր: Խոսելով այն մասին, թե ով ինչպես է ընդունել իր հասցեին հնչեցված քննադատությունը ՝ Կարեն Անդրեասյանն այսօր ամենօրինակելին համարեց Ոստիկանության, իսկ ամենխայտառակը դատական դեպարտամենի արձագանքը:
«Ամենադժվար խնդիրներ ունեցող ոլորտներից է ոստիկանությունը, բայց ոստիկանապետի արձագանքն ամենաօրինակելինէր: Նույն կերպ են վարվել նաև աշխատանքի ու սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները: Ամենախայատառակ, ոչ պրոֆեսիոնալ և ամենացավալի արձագանքը դատական համակարգից էր»:

Դատական համարկարգից հնչած արձագանքն, ըստ Պաշտպանի, ոչ միայն հակաիրավական և մոլորեցնող պնդումներ էր պարունակում, այլ ընդհանուր առմամբ հուսահատեցում է պաշտպանին ու հասրակությանը, «որովհետեև եթե քննադատությունն ընդունվում է այդպես, ուրեմն առավել քան անհույս է, որ այդ համակարգը կշտկվի» :

Դժգոհ գերատեսչությունները օմբուդսմենին մեղադրում էին հատկապես այն հարցում, որ գնահատականներն ընդհանրական են, զուրկ՝ կոնկրետ փաստերից ու հիմնավորումներից : Իսկ սա անլուրջ վերաբերմունք է ոլոտի խնդիրներին: «Լուրջ չէ նման վերաբերմունքը, ամոթ է ուղղակի: Պատկերացրեք Human rights watch -ը, Freedom house-ը զեկույց ներկայացնեն, որևէ երկիր ասի փաստեր ու անուններ ներկայացրեք: Նախ շատ փաստեր կոնֆիդենցիալ են, երկրորդ՝ բոլոր օմբուդսմենների զեկույցները վերաբերում են ընդհանրական խնդիրների»:

Այս զեկույցը 148 համակարգային խնդիր է բացահայտում: 2011-ի համեմատությամբ այս թիվն ավելացել է, բայց խնդիրներն , ըստ օմբուդսմենի , փոխվել են որակապես: Ընդհանուր առմամբ, Պաշտպանը 2012-ին առաջընթաց է արձանագրում թե’ իրավունքների պաշտպանության, թե’ արձագանքների առումով: Տասնյակ հարցերով խնդիրների լուծման նախապատրաստական հիմքն, ըստ նրա, դրված է, դրական տեղաշարժ կա վարչարարության մեջ: Ամենանկատելի արդյունքները Կարեն Անդրեասյանը տեսնում է կադաստրի համակարգում: «Կադաստրը ապացուցեց, որ ինչքան էլ գումարներ չկան, ինչքան էլ սուղ են միջոցները, այնուհանդերձ ցանկության դեպքում հնարավոր է շատ հարցեր կանոնակարգել»:

Կառույցների մեջ ամենաբացասական միտումները պաշտպանը շարունակում է տեսնել դատական ոլորտում և տնտեսական մրցակցության դաշտում:
Ընտրություններին և ընտրական իրավուքնին առնչվող հարցերին Կարեն Անդրեասյանն այսօր չպատասխանեց, ասաց, որ դրանց վերաբերյալ առանձին և արտահերթ զեկույց կներկայացնի ապրիլի 2-ին, Գյումրիում: Բայց նախագահի նախկին թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկայնի բուժման համար գումար հատկացնելու կառավարության որոշմանն անդրադարձավ: Լրագորղին հետաքրքրում էր, թե որոշումն արդյոք չի խախտում բուժման կարքի ունեցող հազարավոր այլ քաղաքացիների առողջության իրավուքնը:
«Ես հասկանում եմ, որ դա կարելի է դիտարկել որպես խտրական մոտեցում, բայց այս պահին կառավարությունն ունի նման որոշում կայացնելու իրավասություն, և դա օրենքի կոպիտ խախտում չէ»:
Սակայն եթե որևէ քաղաքացի դիմի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հետաքննել, թե որքանով է իրավաչափ կառավարության այդ որոշումը, ապա գրասենյակում պատրաստ կլինեն վարույթ ընդունել և քննարկել դիմումը:

Ցուցադրել ավելի
Back to top button