«Թալիշստանի ձայն» ռադիոկայանը եթեր կհեռարձակի մշակութային հաղորդումներ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մարտի 20-ից Իրանագիտության Կովկասյան կենտրոնի և «Մոդուս վիվենդի» կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Շուշիից սկսեց հեռարձակվել է «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը: Դեռևս օրական եթերաժամը կազմում է 3 ժամ, հաղորդումները հեռարձակվում են ինչպես թալիշերեն, այնպես էլ ադրբեջաներեն: Նոր ռադիոկայանի աշխատանքները այսօր ներկայացրել են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Այս կոչնակով է մարտի 20-ից իր ամենօրյա հաղորդումները սկսում «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը: Այն յուրահատուկ նվեր էր Նովրուզի նախօրեին Ադրբեջանում բնակվող թալիշների համար, որոնց թիվը առնվազն կազմում է 1,8 մլն: Ինչպես նշեց իրանագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, սա աշխարհում առաջին թալիշական ռադիոկայանն է, որը հեռարձակվում է կարճ ալիքներով: Ըստ գիտնականի, «Թալիշստանի ձայնը» չի հետապնդում քաղաքական նպատակներ:
Թալիշական ռադիոյի եթերում հնչում են մշակութային բնույթի հոդվածներ, երաժշտություն, անդրադառնում են թալիշներին հուզող հարցերին: Այս նախաձեռնությունը կարևորեց և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության և ազգային գիտակցության դիտանկյունից:
Թեպետ «Թալիշստանի ձայնը» գործում է միայն 10 օր, արդեն հասցրել է գտնել իր բազմաթիվ ունկնդիրներին, նշեց պրոֆեսոր Ասատրյանը:
Նշենք, որ ռադիոկայանի անձնակազմը, իսկ դրանք թալիշ մտավորականներն են, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ուսանողները եւ դասախոսները, գործում է կամավոր հիմունքներով, առանց որևէ վարձատրության: «Թալիշստանի ձայնին» աջակցում է «Հիքսոս» հիմնադրամը: Մոտ ժամանկներս ռադիոկայանը համացանցում կունենա իր կայքը: