

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Ես քաղաքականություն մտնելու հայտ դեռևս չեմ ներկայացրել: Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների ցուցակներում կարող են ընդգրկվել ամենատարբեր ոլորտներից ակտիվ, գործուն քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ինչ որ բան փոխել` հօգուտ քաղաքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ հորիզոնականում ընդգրկված լրագրող, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը` արձագանքելով ցուցակում իր ընդգրկվելու փաստի հետ կապված շահարկումներին: Ժառանգության հնարավորությունների մասին խոսելով` կուսակցության փորձագետ Արման Մուշեղյանն ասել է, որ ամեն ինչ կորոշվի ապրիլի 9-ին:
Նախ այն հարցերի մասին, թե ինչ կարող է անել լրագրող, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը Երևանի ավագանու կազմում և ինչ գործ ունի քաղաքականության հետ: «Բարև Երևան» դաշինքի ցուցակում Անի Քոչարն իր նախաձեռնությամբ չի ընդգրկվել: Զանգահարել են, առաջարկել, ինքն էլ սիրով համաձայնել է, քանի որ կարծում է, որ իր գործունեությամբ արդեն ապացուցել է` ինչ անում է, լավ է անում, կամ գոնե փորձում է լավ անել:
«Կարծում եմ, ցուցակում իմ լինելը արդարացված է, իսկ բոլոր նրանց, ովքեր չարախոսում են, ասեմ, որ ես այդ ժամանակը օգտագործում եմ ինչ որ բան անելու համար»:
Անին կուսակցական չէ, չի էլ պատրաստվում լինել, կարծում է` գործ անելը դրանով պայմանավորված չէ: «Բարև Երևան» դաշինքի ցուցակում 10-րդն է:
Թիվը, ի դեպ, խորհրդանշական ու հաջողակ է համարում, քանի որ ամուսինն էլ`Արման Մուշեղյանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» ցուցակի 10-րդ հորիզոնականում էր, բացի այդ, ամուսնացել են 2010 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը:
Առաջին հարցերը, որոնք ավագանու կազմում կբարձրացնի Անի Քոչարը, գուցե սուբյեկտիվ պատճառներով, բայց վերաբերելու են հաշմանդամության խնդիրներին: «Ամեն ինչ կորոշվի ապրիլի 9-ին»,- ավագանու ընտրություններում Ժառանգության հնարավորությունների մասին խոսելիս` ասաց կուսակցության փորձագետ Արման Մուշեղյանը:
«Ամեն ինչ կորոշվի ապրիլի 9-ին, եթե մենք չկարողացանք վերականգնել արդարությունը, քաղաքապետի ընտրություններում էլ ոչինչ չի փոխվի: Ապրիլի 9-ից հետո, եթե ստացվի այնպես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գա իշխանության, քայլեր կձեռնարկվեն, որ քվեաթերթիկների պարկերը բացվեն, եւ ցույց տան, թե իրականում ինչ էր տեղի ունեցել»:
Արման Մուշեղյանը այսօր կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլը, քանի որ, ըստ նրա, մինչ ապրլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանին ուժ է պետք: