ԿարևորՄիջազգային

ՄԻՊ Դիարբեքիրի մասնաճյուղը դատապարտել է սպանված հայ Սեւակ Բալիքչիի գործով դատավճիռը

Մարդու իրավունքների պաշտպանության և ճնշված մարդկանց համերաշխության կազմակերպության Դիարբեքիրի մասնաճյուղը դատապարտել է ծառայության ընթացքում սպանված հայ Սեւակ Բալիքչիի գործով դատավճիռը, հայտնում է «Ակօս»-ը։
«Սևակի հետ կատարվածից բացի ավելի վաղ նույնպես նման դեպքեր են տեղի ունեցել, որոնց զոհերի մեծ մասը քրդեր էին: Փաստերը, որ դրանք անզգուշության հետևանքով չեն եղել, մեր ուշադրությունն են սևեռում իրականության վրա։ Իսկ իրականությունը հետևյալն է. մարդիկ այս երկրի համար պարտադիր ծառայության են գնում, սակայն ազգային և կրոնական պատճառներով խտրականության են հանդիպում, իսկ այդ խտրականությունը նրանց մահվան պատճառ է դառնում»,-ասել է մասնաճյուղի ղեկավար Աբդուրահման Այը։

Նա նշել է, որ այդ իրականությունը հաշվի առնելով էլ դատարանը պետք է դեպքն ամենայն մանրամասնությամբ, մինչև ամենափոքր մանրուքները քններ և բացահայտեր։ Նա նշել է, որ դատարանից իրենց սպասելիքները չեն արդարացել։  Սևակի սպանության, դրան հաջորդած դատավճռի, քուրդ երիտասարդ զինվորների սպանությունների և Հրանտ Դինքի դատավարության օրինակը բերելով՝ Այը նշել է, որ այդ բոլոր դեպքերում արդարության հանդեպ եղած հավատը խաթարվում է։ «Մարդկանց կրոնական, ազգային, գաղափարական կամ քաղաքական ուղղությունների պատճառով խտրական վերաբերմունքի դրսևորումը, «էթնիկ մահապատժի» ենթարկելը, ցավոք, այս երկրի իրականությունն է դարձել»,-ասել է նա։

Սևակ Շահին Բալըքչըի գործով վճիռը, ըստ իրավապաշտպան կազմակերպության, թերի էր, քանի որ բավարար քննություն չէր իրականացվել, և նշվել է, որ իրենք շարունակելու են հետևել իրավական գործընթացներին։

Ցուցադրել ավելի
Back to top button