Քաղաքական

Երևանի ընտրություններում իշխանությունը կվերարտադրվի, ասում է Ալ. Արզումանյանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երևանի ավագանու առաջիկա  ընտրություններին չի մասնակցի: Այս որոշումը , սակայն, երկար է քննարկվել: «Կային տարբեր մոտեցումներ»,- ասում է կուսակցության անդամ, ԱԺ  պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Ըստ Արզումանյանի՝ կար նաև մտավախություն, որ ընդդիմության մի քանի ճակատով հանդես գալը կարող է տանել  ձայների փոշիացման:
Այս ընտրութւյուններում, ըստ նրա, ամենավտանգավորը կլինի այն, որ ընդդիմադիրներն սկսեն պայքարել միմյանց դեմ` երկրորդ տեղի համար:
Անդրադառնալով ներքաղաքական ստեղծված իրավիճակին ու դրանից հնարավոր ելքերին՝ նախկին արտգործնախարարը նշեց, որ  հուսդրող է, որ երկու կողմն էլ կարծեք ձգտում են կնճիռը հարթել երկխոսության միջոցով:
Նրա գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները փաստում են, որ իրավիճակի սրացում տեղի չի ունենա, ինչպես եղել է նախկինում: «Շատ կարևոր է, որպեզի կողմերը կարողանան նստել ու բանակցություններ սկսել»,-ասում է Արզումանյանը։

«Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» կապերը խզված չեն, երկու կուսակցություններն էլ գործում են ընդդիմադիր դաշտում, բայց Ազատության հրապարակում Արզումանյանը հաճախ չի լինում, գործընթացներին հետևում է կողքից  և, ինչպես ասում է, համակրանքով։
Լրագրողների խնդրանքով պատգամավորն անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկներին: Հիշեցնենեք, որ «Ժառանգոըթյան» առաջնորդը պահանջել էր ընդդիմությանը տրամադրել վերահսկողական մի քանի պաշտոններ, այդ թվում`գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի և այլն:
Արզումանյանի համոզմամբ՝ բանակցություններում ամենացածր նշաձողի սահմանումն այնքան էլ ընդունելի չէ, բայց ճաշակի հարց է։ Արզումանյանը տարակուսում է նաեւ պաշտոնների ընտրության առումով, մանավանդ որ դրանցից մի քանիսը նշանակովի չեն:
Րաֆֆի Հովհաննիսյան- Սերժ Սարգսյան նամակագրոթյան վերջնական հանգուցալուծման ու արդյունքների վերաբերյալ նախկին արտգործնախարարի պատկերացումներն աղոտ են: Բայց ընդդիմության լավագույն ձեռքբերումն այս պայքարի արդյունքում, ըստ նրա կարող է լինել ընդդիմության ինստիտուցիոնալ կայացումը։

Մեր նորագույն պատմության փորձը նախկին արտգործնախարարին հուշում է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխանությունը կվերարտադրվի, իսկ վարչապետի անձի փոփոխության անհրաժեշտություն  երկրի քաղաքական  օրակարգում  առայժմ, գոնե, չի տեսնում: «Խնդիրն անձը չէ, այլ՝ համակարգը»,- ասում է Արզումանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button