Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկները պահանջի նվազագույն շեմ է համարում


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ինքն է որոշելու, թե երբ է իր ղեկավարած շարժումն անցնելու հաջորդ հանգրվան: Սերժ Սարգսյանին ուղղված իր առաջարկները, Հովհաննիսյանի ձևակերպմամբ, անբաժանելի են և պահանջի նվազագույն շեմը:
Համազգային մեր խնդիրը պետք է հանգուցալուծել և անցնել առաջ դեպի սահմանադրական նոր Հայաստանի, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ չի լքելու Ազատության հրապարակը մինչև հանգրվանի ավարտը։
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ ցանկանում է հանդիպել ուղիղ եթերում։ Եթե քաղաքական կամք լինի, ապա այս աննախադեպ իրավիճակը հանգուցալուծում կունենա, կարծում է Հովհաննիսյանը, եթե ոչ, ապա միակ լեգիտիմ իշխանությունը Հայաստանում հայ ժողովուրդն է և իր յուրաքանչյուր քայլը ուղղված է ոչ թե իրեն լեգիտիմացնելու, այլ ժողովրդի հաղթանակը:
Անդրադառնալով ավագանու ընտրություններին՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ իրենք մասնակցում են «Բարև Երևան» ցուցակով ու պատրաստ են մայրաքաղաքը դարձնել իրավական, մշակութային, հասարակական, կրթական, առողջապահական Երևան: