Հասարակություն

Սեւանի մակարդակն այլեւս չի նվազի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր նշեց, որ ջրի ակտիվ սպառման արդյունքում Սեւանը հայտնվել էր մահվան եզրին, և միայն ձեռնարկած միջոցների արդյունքում իրավիճակը կարծես թե բարելավվում է։

Եթե 80 տարի առաջ լճի ջրի ծավալը կազմում էր 58 մլրդ խորանարդ մետր, ապա հետագա տասնամյակների ընթացքում ակտիվ ջրօգտագործման հետևանքով այն պակասեց մինչև 33 մլրդ խորանարդ մետր, իսկ մակարդակը նվազեց է 19 մետր 29 սանտիմետրով:
Ըստ Վլադիմիր Մովսիսյանի՝ ստեղծվել էր  աղետալի 
մի վիճակ, որը պահանջում էր ձեռնարկել անհետաձգելի քայլեր` լիճը փրկելու համար:

Գործնական և օրենսդրական լուրջ աշխատանքի շնորհիվ վերջին տասնամյակում լճի մակարդակը հետևողական բարձրացել է: Սևանա լճին նվիրվել է մի առանձին օրենք, ըստ որի մինչը  2030 թ. մակարդակը պետք է հասնի 1903.50 մետրի` տարեկան աճելով 21,6 սանտիմետրով։
Այսինքն՝ վերջին 11 տարիների ընթացքում պետք է բարձրանար 2,38 մետրով: Իրականում ծրագիրը այսօր իրագործվում է առաջանցիկ տեմպերով
, և արձանագրած աճը այսօր կազմում է 3, 78 մետր:

Սեւանա լճի մակարդակը, Վլադիմիր Մովսիսյանի տվյալներով, ներկայում կազմում է  ծովի նակերեսից 1900 մետր 18 սմ, ինչը 4 սմ-ով պակաս է, քան նախորդ տարվա սկզբին:
Այս նվազումը պայմանավորված է 2012 թվականին ոռոգման նպատակներով ջրի հավելյալ ծավալի բացթողմամբ` ծրագրով նախատեսված 170 մլն խոր. մետրի փոխարեն 313 մլն խոր. մետր:
Ինչևիցե՝ հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ այլևս լճի մակարդակը չի նվազի:

Լճի ջրային պաշարները բացի բնապահպանականից ունեն մեծ ռազմավարական նշանակություն, նշեց Վլադիմիր Մովսիսյանը: Ըստ ծրագրի՝ 2030 թվականին լճում կամբարվի 42 մլրդ խոր. մետր քաղցրահամ ջուր` 8 մլրդ խոր. մետրով ավելի, քան 2002 թվականին: Այս ծավալը ապահովելու համար հակառակ պարագայում անհրաժեշտ կլիներ կառուցել 790 ջրամբար` մոտ 24 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Վլադիմիր Մովսիսյանը հայտնեց, որ ապրիլի 4-ից կվերագործարակվի Արփա-Սևան թունելը, որտեղ ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Թունելը լիարժեք վերագործարկելու համար անհրաժեշտ կլինի ևս 3-4 տարի, ինչը թույլ կտա լիճ տարեկան ուղղել մինչև 290 մլն խոր մետր ջուր։

Ցուցադրել ավելի
Back to top button