Մեկմիլիոնանոց երթը հետաձգվում է


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Մեկմիլիոնանոց բողոքի երթ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ապրիլի 8-ին նախատեսված երթը դեպի նախագահի նստավայր հետաձգվում է մինչև մայիսի 1-ը:
Ըստ Զաքարյանի՝ հետաձգման որոշում կայացնելով նախաձեռնության հեղինակները հաշվի են նստել «Ժառանգության» ներկայացուցիչների և նրա համախոհների հետ:
Երթի նախաձեռնությունը սկսվել էր Facebook սոցիալական ցանցից: Հեղինակները կոչ էին անում ապրիլի 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով շարժվել նախագահի նստավայր:
Առաջարկը պաշտպանություն չգտավ «Ժառանգության» կողմից, որի ներկայացուցիչներն առաջարկեցին ոչ թե երթ իրականացնել, այլ միանալ ապրիլի 9-ի հանրահավաքին:
Հենց այս անհամաձայնությունը նկատի ունենալով՝ քաղաքացիական նախաձեռնության հեղինակները որոշել են հետաձգել երթն ու այն իրականացնել մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը:
«Մեր այս նախաձեռնությունն այդքան ընդդիմությանը չանհանգստացրեց, որքան իշխանությանը: Ասացին՝ կխանգարեք, կսադրեք, մենք կապ չունենք: Սա քաղաքացիական շարժում է: Ի՞նչ է ուզում ասել «Ժառանությունը», որ քաղաքացիական շարժման հետ կապ չունեն: Մենք գալիս ենք ասելու, որ, այո, ժողովուրդը մի օր կանգնելու է ոտքի ու ստիպելու է իր հետ հաշվի նստել»,- ասում է նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը։
Ասուլիսին ներկա ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը որոշել է միանալ այս նախաձեռնությանը։