Մշակույթ

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մարտի 27- ը Թատրոնի միջազգային օրն է՝ թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը: Այն սահմանվել է 1961թ. Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում, սակայն նշվում է 1962-ից:

«Թատրոն» բառը հին հունական ծագում ունի, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Առաջին թատերական ներկայացումը տեղի է ունեցել Եգիպտոսում, որի սյուժեի հիմքում ընկած էին եգիպտական դիցաբանության կերպարները, ինչն էլ հիմք է դրել կրոնի և թատրոնի միջև սերտ կապին:
Հայկական թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Այն հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ մ.թա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը և որ հայոց Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ:
Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ նաեւ մանրանկարչական որոշ ձետագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ:
Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացան բեղմնավոր գործունեությամբ և ահա 1922թ. կազմակերպվում է հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվում է Գաբրիել Սունդուկյանի անունը։
Այսօր թատրոնի միջազգային օրն է՝ թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը: Օրվա առթիվ այսօր մի շարք արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցել Վահրամ Փափազյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ Փափազյանը համարվում էր Խորհրդային Միության լավագույն շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի իր Օթելլոյով։

Կինոյի և թատրոնի հայ դերասան,  ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանն այսօր էլ հիշում է նրա խաղը և ընդգծում, որ այն դարձավ իր կյանքում դիտած  ամենատպավորիչ ներկայացումը։

Անկախ ամեն ինչից թատրոնը աշխատում է և փորձում է դառնալ էլ ավելի հետաքրքիր, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Թատորնն աշխատում է անգամ թատրոնի համար ոչ նպաստավոր պայմաններում, ասում է  դերասանուհի Գրետա Մեջլումյանը` ընդգծելով, որ նայելով ետ պետք է միշտ գնալ առաջ:

Ցուցադրել ավելի
Back to top button