Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն իրավիճակն իր օգտին շրջելու հնարավորություններ չունի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան ներքաղաքական դաշտում դեռևս զգացվում է փետրվարին կայացած նախագահական ընտրությունների հետընտրական արձագանքը: Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ վկայեցին զգալի բողոքավոր զանգվածի առկայության մասին, որի ձայները, .նորհիվ գրագետ նախընտրական արշավի, հաջողվեց հավաքել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հետընտրակական զարգացումները մեզանում ձեռք են բերել արդեն ավանդական բնույթ, երբ ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը գրաված նախագահի թեկնածուն չի ճանաչում արդյունքները։ Սակայն իրավիճակը ամեն անգամ տարբերվել է նախորդներից, ինչպես և ներկայումս:
Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ «Ժառանգության» առաջնորդի ստացված քվեները ամեն դեպքում ամբողջությամբ չեն ներկայացնում նրա համակիրներին: Ավելին՝ Հովհաննիսյանը ներկայումս, ամենայն հավանականությամբ,  չունի իրավիճակն իր օգտին շրջելու հնարավորություններ:      

Իսկ իշխանությունը նախագահի նախկին թեկնածուին լուրջ զիջումներ չի անի, քանի որ նա ուզում է ստանալ գաթայի մեծ կտորը: Նրա ցանկությունը անկատար մնալու բոլոր հեռանկարները ունի:
Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ  մինչև նախագահական ընտրությունները չհաջողվեց ձևավորել լուրջ ընդդիմություն: Նա ցավով արձանագրեց, որ ընդդիմությունը, որպես գաղափար, մեր երկրում վերածվել է փլատակների:

Քաղաքականության մեջ լուրջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք։ Ժողովրդավարության պայմանները դա են։ Մեկ անգամ հավաքել քվեների մոտ 40 տոկոսը բավական չէ, նշեց քաղաքագետը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ունենալ այնպիսի քաղաքական ուժ, որը ներկայացված կլինի  տեղերում, կունենա այնտեղ հեղինակավոր մարդկանց, փորձագիտական և ֆինանսական հենք, կավելացնի իր ներկայությունը խորհրդարանում։
Այնպես որ՝ մեջբերելով վրացի քաղաքական գործիչ Ջաբա Իոսելիանիին, Կովկասի ինստիտուտի տնօրենը դիմեց քաղաքական գործիչներին: «
Ժողվրդավարությունը ձեր համար լոբի ուտել չէ»։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նա նկատեց, որ դրանք կարող են քաղաքականացվել ընդդիմության կողմից: Թեպետ, ըստ քաղաքագետի,  Երևանի քաղաքապետը այսօր ավելի շատ տնտեսվար է։

Ցուցադրել ավելի
Back to top button