Հասարակություն

ԵՄ- ն իր տարածքում ապրող հայերին Հայաստան վերադարձնելու ծրագիր է իրականացնում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Աշխատանքային միգրացիայի մասին ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում աշխատունակ մարդկանց մոտ մեկ երրորդը շահագրգռված է աշխատանք փնտրել արտասահմանում: Ռուսաստանը Հայաստանից մեկնողների համար հիմնական վայրն է:
Հակառակ նրան, որ Ռուսաստանում աշխատող հայերի թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, ուսումնասիրությունից պարզվել է, որ հայկական 31 տոկոս ընտանիքների առնվազն մեկ անդամ աշխատում է Ռուսաստանում։
Եվրամիությանը 3 միլիոն եվրո է հատկացրել «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի համար, որի նպատակն է աջակցել ԵՄ տարածքում ապրող հայերի արժանապատիվ կայուն վերադարձին ու վերաինտեգրմանը: Այս ծրագիրն  իրականացվում է ԵՄ ութ անդամ պետություններից բաղկացած կոնսորցիումի կողմից եւ պետք է կյանքի կոչվի 3 տարվա ընթացքում:
Ամենակարեւոր շեշտադրումը վերադարձողներին այնպիսի աջակցություն ապահովելն է, որպեսզի վերջիններս չզղջան, որ վերադարձել են ու չմտածեն երկիրը նորից լքելու մասին: Իսկ ավելի հստակ` մինչեւ 40 վերադարձողներ կօգտվեն վերաինտեգրման անմիջական օժանդակության ծրագրից, օրինակ` նախաձեռնել բիզնես:
Մինչեւ 800 վերադարձողներ կստանան աշխատանքի վերաբերյալ խորհրդատվություն, իսկ մինչեւ 500 վերադարձողներ կմասնակցեն մասնագիտական կրթական վերապատրաստումներին: Մինչեւ 300 վերադարձողներ կստանան բժշկական խորհրդատվություն:
Ակնկալվում է, որ միգրացիայի բարձր տեմպեր ունեցող Հայաստանում եւս այս ծրագիրը հաջողություն կարձանագրի այնպես, ինչպես օրինակ` Մոլդովայում եւ Վրաստանում: Այսօր էլ Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքում քննարկում էր կազմակերպվել «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրման գործընթացին Հայաստանում» թեմայով: 

Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր արտասահմանում աշխատելուց հետո իրապես ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, հաճախ դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու հարցում, քանզի նրանց համար Հայաստանում աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հուսալի աղբյուրները մատչելի չեն:
 

Ցուցադրել ավելի
Back to top button