Բյուրականի աստղադիտարանն արդիականացվում է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը մեր կառավարության ու ԳԱԱ ֆինանսավորմամբ այս տարվա սկզբից համալիր արդիականացվում է: Աստղադիտարանի առաջ քաշած ծրագրերը երկար ժամանակ է լուծում չէին ստանում: Սակայն այսօր սայլը տեղից շարժվել է։
Խորհրդային տարիներին գիտական կենտրոն համարվող Աստղադիտարանի մեծ դիտակի հայելին նախորդ դարի 80-ական թվականներից չի վերաալյունապատվել, ասում է տնօրեն Հայկ Հարությունյանը և ավելացնում, որ 30 տարի փակ վիճակում գտնվող վակուումային սարքը անցյալ տարի ԳԱԱ գումարներով վերականգնվեց:
Անցյալ տարի բյուջեից 65 մլն դրամ էր հատկացվել, իսկ այս տարի հատկացվել է 185 մլն դրամ, 100 մլն-ը նախատեսված է մեծ դիտակի վերականգնման և մյուս դիտակների արդիականացման համար:
Աստղադիտարանի զարգացման ծրագրերն իրականանում են տարբեր ուղղություններով։ Դրանցից է նաև մարդածին և բնական վտանգների կանխարգելման ծրագիրը, որն իրականացվում է Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի և «Ռոսկոսմոս»- ի հետ համագործակցության շրջանակներում:
«Ռոսկոսմոս» ընկերության հետ պայմանավորվածությամբ սկսվել է նոր դիտակների կայանի կառուցումը: Թե ինչ արժեն նոր դիտակները, որոնք տեղադրվելու են կայանում, Հայկ Հարությունյանը չգիտի, սակայն գիտի, որ սարքերը ՌԴ սեփականությունն են, և դրանից իրենք եւս շահելու են։
«Ռոսկոսմոս»- ը երկու այսպիսի սարք է պատվիրել Բյուրականի աստղադիտարանում դնելու համար, որոնցից յուրաքանչյուրը, ըստ Հայկ Հարությունյանի, արժե մոտավորապես 125.000 դոլար։
Մենք սպասում ենք, որ դիտակները կտեղադրվեն, 2 ընդունիչ սարք կտեղադրվի մեծ դիտակների վրա, աստղադիտարանում կատարվող աշխատանքները կֆինանսավորվեն ռուսական կողմից:
Ռուսների տեղադրած դիտակների վրա մեր երիտասարդները կարողանում են աշխատել և գումար վաստակել, ասում է աստղադիտարանի տնօրենը։