ԿարևորՀասարակություն

Ականազերծման գործընթացների վերաբերյալ քննարկում`ՊՆ-ում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում հումանիտար ականազերծման գործընթացների վերաբերյալ քննարկում է այսօր անցկացվել Պաշտպանության նախարարությունում: Ականազերծման գործընթացները Հայաստանում իրականացվում են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ: Այս համագործակցության պատասխանատուները կազմակերպված քննարկման ժամանակ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների պատասխանատուներին, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանն ու մի շարք մարզպետներին են ներկյացրել կատարված աշխատանքներն ու վերլուծությունները եւ հետագա անելիքները:

Հայաստանում ականազերծման աշխատանքներն սկսվել են 2012 թվականից եւ իրականացվել Պաշտպանության նախարարության ջանքերով` միջազգային կառույցների հետ համագործակցաբար: Հայաստանում ականավտանգ տարածքների խնդիրը շարունակում է դեռեւս արդիական մնալ: Սյունիքի փոխմարզպետ Արա Բալունցի փոխանցմամբ` մարզը դեռեւս չի ձերբազատվել ականավտանգ տարածքներից: Մարզի շուրջ 320 հա գյուղնշանակության հող չի օգտագործվում այդ պատճառով: 1400 հա անտառային տարածքի ականապատված լինելու հանգամանքը խոչընդոտում է մարզի զարգացմանը:

Քննարկմանը մասնակից մարզերի պատասխանատուները շեշտեցին, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իրենք պատրաստ են համայնքային ուժերով օժանդակել կենսական կարեւորության այս խնդրի լուծմանը: Կլինեն հուսալի գործընկեր` ծրագրին օժանդակող միջազգային գործընկերներին:
Նորաստեղծ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կոնտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության մինչ օրս կատարած աշխատանքների մասին ելույթում կառույցի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասաց, որ արդեն արդիականացվել են տեխնիկական միջոցներն ու վերապատրաստել անձնակազմը, ուսումնասիրվել են ականավտանգ տարածքները, քարտեզագրվել ու ստեղծվել տվյալների բազա: Համատեղ ծրագրերի արդյունքները ներկայացրեց նեւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի ծրագրերի իրականացման ղեկավար Վալերիա Ֆաբբրոնին: Միջազգային այս հիմնադրամի ներկայացուցիչ Օդենդաալն էլ իր ելույթում խոսեց 2012 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին:

Փորձագետի խոսքով` կատարվել է Հայաստանի մարզերում իրականացված ոչ տեխնիկական հետախուզության արդյունքների վերլուծություն, գնահատում, որոնց հիման վրա ներկայացվելու են անկախ փորձագիտական առաջարկներ: Կատարված աշխատանքների ամբողջական ամփոփումից հետո էլ կկազմվի հումանիտար ականազերծման ազգային ծրագիր, որը եւ կյանքի կկոչվի:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button