Սկսվում է Ավագ շաբաթը


Սկսվում է Ավագ շաբաթը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի: Մարտի 25` Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է: Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին՝ խորհրդանշելով հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման մասին՝ զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության։