Հասարակություն

Հայ միջնադարագիտության հարուստ ժառանգությունը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկեց «Կովկասյան մշակութային աշխարհը եւ Հայաստանը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված պրոֆեսոր Պարույր Մուրադյանի ծննդյան 80-ամյակին: Այն նախաձեռնել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտը և Երեւանի աետական համալսարանի

պատմության ֆակուլտետը։

Պարույր Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն` ավելի քան 300 տպագիր աշխատություն: Նա կազմել ու խմբագրել է «Կովկաս և Բյուզանդիա», «Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրությունները, կազմել և հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Լ. Խաչիկյան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Երվանդ Տեր-Մինասյան, Մկրտիչ Ներսիսյան և այլք):
Նշանակալի է պրոֆեսոր Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում:
Հայագիտության համար խոշոր երևույթ էր գիտնականի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը: Նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, որտեղ կազմավորել և գլխավորել է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը:
Ըստ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի՝ 
մեծանուն հայագետը թողել է ոչ միայն հարուստ գիտական ժառանգություն:Այսօր բնագավառը ներկայացնող բազմաթիվ գիտնականներ հենց Պարույր Մուրադյանի աշակերտներն են: Իսկ պրոֆեսորը հեշտ բնավորություն չուներ, հիշում է արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Նախատեսվում է, որ Պարույր Մուրադյանի տարիներ շարունակ գլխավորած բաժինը այսուհետ կկրի նրա անունը։

Ցուցադրել ավելի
Back to top button