Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում. թիրախում նաև Բերդի քաղաքապետի որդին է եղել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» Տավուշ-Բերդ

Մարտի 23-ին Երևանում կրակոցներ են հնչել: Շաբաթ օրը ժամը 15:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում կրակոցներ են հնչել, Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք է ստացել Երևան քաղաքի Հարավ Արևմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, ում տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կրակոցների ժամանակ Սիմոնյանի հետ է եղել նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան 86 տան բնակիչ, 27-ամյա Անուշավան Մանուչարյանը, ով դիմել է փախուստի: Կրակողներից մեկը հետապնդել է Մանուչարյանին մինչև այն պահը, երբ Անուշավան Մանուչարյանը մտել է իր բնակության վայրի շքամուտք: Մանուչարյանը վնասվածք չի ստացել: Տեղեկացնենք, որ Անուշավան Մանուչարյանը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդին է, Բերդի էլեկտրոցանցի պետը: 

«Ոչ մի թշնամանք չի կարող լինել, ոչ մի նման բան չի կարող լինել, ես և իմ տղան չենք ճանաչել այդ մարդկանց: Մտածում եմ, որ շփոթմունք է եղել»- ասել է Բերդի քաղաքապետը: Հարցին, այսինքն կրակողները չգիտեի՞ն ում վրա են կրակում, քաղաքապետը պատասխանեց` այո: Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ, կատարվածը կապ ունի հոր և որդու զբաղեցրած պաշտոնների հետ, Մանուչարյանը բացասական պատասխան տվեց` դարձյալ նկատելով, որ հնարավոր է նրանք շփոթվել են:

Ցուցադրել ավելի
Back to top button