ԿարևորՔաղաքական

Գրիգոր Ամալյան.«Հեռուստաեթերը մոնիտորինգի տակ կլինի ապրիլի 7-ից»

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համատեղ նիստում ԼՂՀ կառույցի հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանն ամփոփել  է 2012-2013 թվականներին երկու  հանրապետությունների հանձնաժողովների համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքները:  Համագործակցության շրջանակներում  ԼՂՀ կառուցի կողմից  ՀՀ ՀՌԱՀ կատարած այցելությունները, բանախոսի խոսքով, կրել են գործնական բնույթ և քննարկվել օրենսդրական փոփոխություններն ու այլ հարցեր:

ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշել է, որ երկու  հանրապետությունների հանձնաժողովներն արդյունավետ աշխատում են օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, թվայնացման հնարավորությունների ստեղծման դաշտերում:  ՀՀ ու ԼՂՀ-ն ընթանում են թվայնացման գործընթացով և Գրիգոր Ամալյանը կարևորել է 2 հանրապետությունների  համատեղ քայլերն այդ ուղղությամբ: Համատեղ նիստի շրջամնակներում կողմերը փոփոխություն են կատարել 2011 թվականի մարտի 28-ին կնքված համաձայնագրում: ՀՌԱՀ հանձնաժողովի կողմից ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը  պարգևատրվել է  պատվոգրով:

ՀՀ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովն արդեն մշակում է Երևանի ավագանու ընտրությունների՝ հեռուստաեթերի մոնիթորինգի մեթոդաբանությունը և այն արդեն պատրաստ է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Տեղեկացրել է ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրությունները նույնպիսի կարևորություն ունեն, ինչ խորհրդարանական և նախագահական ընտրությունները նաև եթերաժամի կարգավորման հարցում:

«Արդեն նախատեսված որոշ ժամանակացուցային աշխատանքներ արված են: Հանձնաժողովը ստացել է հեռարձակող ընկերությունների վճարովի եթերների սակագները, ուսումնասիրել դրանք, ստուգել համապատասխանեցումը օրենսդրությանը: Եվ նույն կարգով, ինչպես նախագահական և խորհրդարանական ընտրություններից մոնիտորինգի տակ կլինեն նաև Երևանի ավագանու ընտրությունները՝ ապրիլի 7-ից՝ քարոզչության մեկնարկի օրվանից ընտրության օրը», — ասել է ՀՀ ՀՌԱՀ նախագահը:

Back to top button