ԿարևորՀասարակություն

Արմեն Երիցյան.«Գառնիում գտնվող գիտահետազոտական դիտարանը կվերագործարկվի»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Գառնիում գտնվող աշխարհում եզակի գիտահետազոտական դիտարանը առաջիկա մեկ տարում վերագործարկվելու եւ վերազինվելու է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նախարարը Գառնու դիտարան է այսօր ուղեկցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Գառնու դիտարանը կառուցվել է 5 տարվա ընթացքում` 1977-82 թվականներին: Դեռ այն ժամանակ դա աշխարհում եզակի գիտահետազոտական դիտարան էր` հագեցված ԽՍՀՄ լավագույն սարքավորումներով: Անցած տարիներին, սակայն, 1991 թվականին դիտարանի թունելախորշերից մեկում տեղադրվել եւ 92-ից մինչեւ օրս գործում է ԱՄՆ համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը: Այդ կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի եւ ուժեղ երկրաշարժերը, միաժամանակ` օգտագործվում է նաեւ միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու եւ նրանց վերահսկողությունը ապահովելու համար: Այդ գործընթացն իրականացվում է ԱՄՆ-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1987 կնքված պայմանագրի համաձայն:

2012 թ.-ից կառավարության որոշմամբ Գառնու դիտարանը անժամկետ եւ անհատույց հանձնվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Հաշվի են առնվել դիտարանի բացառիկ նշանակությունը սեյսմիկ ռիսկերի գնահատման, իրավիճակի վերլուծության եւ ընդհանրապես սեյսմիկ պաշպանության ապահովման համար: Դրանից հետո մշակվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման եւ վիրազինման ծրագիր:

ԱԱԽ-ն հաստատել է սեյսմիկ անվտանգության ապահովման հայեցակարգը եւ վերջին 2 տարիներին ոլորտում էական քայլեր են կատարվել: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ` ինչպես Բյուրականը, այս համալիրը նույնպես պիտի համապատասխան կարգով ձեւակերպվի որպես ազգային արժեք: Նա վստահ է, որ կառույցն արդիականացնելու համար միջոցներ կգտնվեն:

Գառնու դիտարանի վերազինումն ու վերագործարկումը հնարավորություն կտա նոր եւ ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել 12 հազար կիլոմետր շառավղով տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները եւ, որպես հեռահար կարեւորագույն գիտական եւ սոցիալական խնդիր` կանխատեսել ուժեղ երկրաշարժերը: Ըստ էության այն կարեւոր կիրառական նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button