ԿարևորՀասարակություն

Այսօր սկսվում է Ավագ Շաբաթը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Այսօրվանից սկսվում է Ավագ Շաբաթը, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիտոսի երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի և կոչվում է Ավագ:
Այսօր Ավագ երկուշաբթին է: Արարչագործության հիշատակի, նաև անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է: Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին՝ խորհրդանշելով հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։
Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման մասին՝ զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության։
Ավագ երեքշաբթին տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է:  Նույն օրը եղավ նաև Երուսաղեմի Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Ավագ երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարվեց փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես որոշեցին մահվան մատնել Տիրոջը։
Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր՝ առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին։
Հաջորդը Ավագ չորեքշաբթին է` Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է: Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
Ամենակարևոր օրը, սակայն, Ավագ հինգշաբթին է` Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրը։
Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է խավարման կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Ավագ ուրբաթ օրը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Այնուհետև վերջին` ավագ շաբաթ օրն է` դժոխքի ավերումը: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին:
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հիսուսի Հարության ավետիսին զուգահեռ վերջանում է նաեւ Մեծ Պահքը:
Ի դեպ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հետևել մեծ պահքին` կարող են պահք պահել ավագ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Սուրբ Հարության տոնն այս տարի կնշվի մարտի 31-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button