Այսօր ջրի կորուստը Հայաստանում 80-85% է կազմում


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
2013 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Ուստի այս տարի «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում կանցկացվեն «Ջրային համագործակցության միջազգային տարի» կարգախոսի համատեքստում: Երևանում այսօր սոցիալական- բնապահպանական նախագծի շրջանակներում կազմակերպվել է «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով համաժողով, որի ժամանակ շեշտադրված ամենալուրջ խնդիրն այն է եղել, որ ոչ լիարժեք կառավարման հետևանքով այսօր Հայաստանում ջրի կորուստը կազմում է 80-85%:
Ջրի երկիր համարվող Հայաստանը ջրի որակի եւ արդյունավետ կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ ունի այսօր: Ջրաղբյուրների խնդիր, որպես այդպիսին, չկա, դրանք համապատասխանում են ջրի որակի չափորոշիչներին, բայց աղբյուրից մինչև սպառողին հասնելը ջուրը բավական երկար ճանապարհ է անցնում, ինչի հետեւանքով սպառողը ստանում է ոչ բավարար որակի ջուր: Ոլորտի մասնագետներին անհանգստացնում է, որ խողովակաշարերի մաշվածության, նաև համակարգի ոչ լիարժեք կառավարման պատճառով Հայաստանում ջրի կորուստը կազմում է 80-85%, ինչն անթույլատրելի քանակ է:
«Հայջրմուղկոյուղի» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վարդան Մելքոնյանը, խոսելով ոլորտի խնդիրներից, նշեց, որ խորհրդային տարիներից ժառանգել ենք մի համակարգ, որը բավականին քայքայված էր, բացի այդ՝ երկար տարիներ ոլորտում որևէ ներդրումներ չէին կատարվել: 2004 թ-ից կատարված ներդրումների արդյունքում, ըստ Մելքոնյանի, կան բավական լուրջ ցուցանիշեր: 2013 թ-ին ջրամատակարարման միջին տևողությունը հասել է 16 ժամի՝ 2004 թ-ի 6 ժամի դիմաց: Նոր հնարավոր հաջողությունները նա հնարավոր է համարում նոր ներդրումների պայաններում: Երբ կարելի է ակնկալել հանրապետությունում ջրամատակարարման որակի արմատական փոփոխություններ, ինչ միջոցներով, ոլորտի պատասխանատուների պատասխանները դեռ մոտավոր են:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ն ընդունել է որպես Ջրի միջազգային օր: Յուրաքանչյուր տարի այդ օրը հանրությանն են ներկայացվում ջրի և ջրային ռեսուրսների հետ կապված տարբեր հիմնախնդիրները: Երևանում այսօր այդ շրջանակներում անցկացվող «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով համաժողովը նպատակ ունի փնտրել լուծումներ միջոցների սղությանը, առավել հնամաշ խողովակաշարերի փոփոխմանը, բացահայտել Հայաստանում ջրի հասանելիության ապահովման, անձրևաջրերի, կեղտաջրերի, հեղեղաջրերի կառավարման և մակերևութային ջրերի աղտոտման, ջրից առաջացող հիվանդությունների և համաճարակների վերահսկման, ջրից կախված վտանգների հիմնախնդիրները: Այս խնդիրները պետք է քննարկվեն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք կառավարում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման խնդիրները` հուսալով գտնել լուծման ուղիներ: