ԿարևորՔաղաքական

ԱԺ խմբակցությունները դեռ խորհրդակցում են. համաձայնություն չկա

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած  հերթական խորհրդակցությանը մասնակցեցին ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի՝ «Ժառանգությունից», որն ավելի վաղ էր հայտարարել, որ խորհրդակցություններին այլևս  չի մասնակցի,  քանի որ իր առաջարկներն արդեն  ներկայացրել է, իսկ մեծամասնությունը,  մերժելով դրանք,  որևէ այլ բան սեղանին չի դրել:
Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քառօրյայի մեկնարկին, հիշեցնենք, հայտարարել էր, որ «
այլևս այդ բանակցություններին չենք մասնակցելու, որովհետև մենք էինք նախաձեռնել: Դուք կարող էիք մերժել մեր առաջարկածը, բայց ձեր լուծումներն առաջարկեիք, ինչը չեք արել»:

Վերջին խորհրդարկցության  ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացրեց իր առաջարկները, ավելի ճիշտ՝ նշեց այն թեմաները, որոնք պատրաստ է քննարկել խորհրդարանական մյուս ուժերի հետ։
«Խոսքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և սահմանադրական բարեփոխումների մասին է: Սկզբունքորեն բոլորը կողմ են, բայց  ուզում են կոնկրետ կետեր ֆիքսել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Հրավիրվելիք արտահերթի ժամանակ ընդունվելիք հայտարարությունը, ըստ Գալուստ Սահակյանի, չի կարող կոնկրետ կետեր ամրագրել: Այն առավելագույնը կարող է նշել թեմաներն ու սկզբունքները: Օրինակ՝ ամրագրել ոչ թե այն, որ խորհրդարանական ուժերը որոշում են անցնել հարյուր տոկոսանոց ընտարակարգի, այլ նշել , որ քաղաքական ուժերը որոշում են քննարկել  ընտրակարգի փոփոխության հարցը:

«Մենք ասում ենք քննարկենք, տեսնենք՝ արդյունքնում ինչ կստացվի: Օրինակ՝ մեր կարծիքով 100 տոկոսանոց համամասնականը սխալ է, ընդդիմաության կարծիքով՝ ճիշտ է։ Հայրիկյանն իր սեփական առաջարկն ունի այս հարցի մասին: Բոլոր կողմերին լսենք, հետո որոշենք, թե որն է ճիշտ»:

Առաջարկը կարծես արդեն մերժվել է ՀԱԿ-ի կողմից:  Իշխող կուսակցության կողմից ներկայացված հայտարարության նախագիծը որևէ լուծում չի պարունակում, միայն մշուշոտ ձևակերպումներ է ներկայացնում սահմանադրական և ընտրական համակարգի մասին, ասել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, թե  իշխող կուսակցությունը փորձում է ընդդիմության հետ ոչ թե երկխոսել, այլ  երկխոսության պատրանք ապահովել:
ՀԱԿ- ը, ի դեպ, ներկայացրել է իր տեսակետը՝ սեղմ ժամկետներում փոխել ընտրական համակարգը և անցկացնել արտահերթ նախագահական ու  խորհրդարանական ընտրություններ:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարծես թե կողմ են առաջարկին: Համենայն դեպս՝ այս ուժերի մոտեցումները ՀՀԿ առաջարկների ծիրում են: Դաշնակցությունը,  որպես հետընտրական իրավիճակի հանգուցալուծում,  իր ճանապարհային քարտեզն է առաջարկում, որը  ենթադրում է մեկ տարվա ընթացքում Ընտրական օրենսգրքքի փոփոխություն և անցում  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, 2-2,5 տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվեի  և նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչպես նաև ընդդիմություն-իշխանություն այնպիսի  համակարգի ստեղծում, որն  ընդդիմությանը իշխանությանը վերահսկելու «գործուն» լիազորություններ կտա:
Ինչ վերաբերում է  իրեն «այլընտրանքային» հռչակած ԲՀԿ խմբակցության առաջարկներին, ապա խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն նույնպես առաջնահերթ է համարում Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, ինչի առանցք պատկերացնում է մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու մոտեցումը:

«Առանց մեծամասնական ընտրակարգը վերացնելու, որն ի սկզբանե մինչև ցանկացած ընտրության մեկնարկը ուղղակի բոնուս է իշխանության գրպանում, բացարձակապես անիմաստ է խոսել որևէ արտահերթ ընտրության մասին: Փոխել ընտրական օրենսգիրքը, վերացնել իշխանությունների այդ բոնուսը, ապա խնդրեմ «Բարգավաճ Հայաստանը» որևէ ընտրության` լինի հերթական, թե արտահերթ, չի խուսափում»:

Թե խորհրդարանական ուժերը երբ վերջնական համաձայնության կգան, առայժմ հայտնի չէ, բայց հայտնի է, որ արտահերթի հրավիրումը պահանջելու է բոլոր ուժերի փոխադարձ համաձայնությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button