ԱԺ դանակով մուտք գործած երիտասարդին կալանավորեցին


Երեւանի Կենտրոն եւ և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով այսօր կալանավորվել եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Մաիսի քաղաքի 25- ամյա բնակիչ Վրեժ Գալստյանը։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Քրեական օրենսգիրքն այս հոդվածով նախատեսում է տուգանքից մինչեւ 5 տարվա ազատազրկում։
Վրեժ Գալստյանը «2013թ. մարտի 22-ին` ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին»,- հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։