ԿարևորՎերլուծական

Վրաստանը եւ Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/230313Armenian_Language.mp3
Վրաստանում բուռն քննարկման առիթ է դարձել վիրահայերի` տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու մասին օրերս արված պահանջը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ախալքալաքի քաղաքային ժողովի նիստում «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցությունը հանդես էր եկել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ` խնդրելով խորհրդարանին վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, որին Վրաստանը միացել է 1999թ:

Վրաստանի հիմնականում հայերով բնակեցված այս տարածաշրջանում, շատ քչերն են տիրապետում վրացերենին, ինչի պատճառով շատ հաճախ հանդիպում են դժվարությունների: Ախալքալաքի մունիսիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը հույս ունի, որ խորհրդարանը վերջապես կվավերացնի խարտիան: 

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին խարտիայի վավերացումը սպառնալիք է համարել երկրի ազգային անվտանգության համար, իսկ նրա խորհրդական Վան Բայուրդն ասում է, որ դեռ վաղ է նման օրենք ընդունելու համար:
«Երբ բնակչության միայն 10% է տիրապետում վրացերենին, խարտիայի վավերացումը ցանկալի չէ: Կստացվի այնպես, որ մենք օրենքը ընդունում ենք հատուկ, որպեսզի խանգարենք նրանց ինտեգրացմանը, դադարեցնենք վրացերեն լեզվի ուսուցումը»:
Իսկ ահա առաջարկով հանդես եկած երկրի վարչապետի «Վրացական երազանք» կոալիցիայի մաս կազմող Հանրապետական կուսակցության անդամները համաձայն չեն նախկին իշխանությունների մտահոգությունների հետ:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Թինա Խիդաշելին ասել է, որ այդպիսով ազգային փոքրամասնությունների լեզուները լիովին կինտեգրվեն մշակութային ու կրթական գործընթացներում։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ այս թեման նոր չէ. վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընտրություններից առաջ այդ մասին խոսել է:
Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով դեռ 1999թ պարտավորվեց վավերացնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան։ Ազգային շարժում կուսակցության պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «հարցի շուրջ առաջացած իրարանցումն իսկ ռիսկ է պարունակում իր մեջ: Վրաստանի տարածքի 20% այսօր օկուպացված է, արդյո՞ք այսօր կարելի է նման հարցեր քննարկել: Բացի այդ՝ ներքին քաղաքական իրավիճակի ֆոնին դա ավելի է բարդացնում իրադրությունը»։
Իր հերթին վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեշվիլին օրերս հեռուստատեսային հարցազրույցում «Ազգային շարժում» կուսակցության անդամներին հիշեցրել է, որ հենց իրենց կուսակցության ղեկավարը` Վրաստանի ներկայիս նախագահ Միխաիլ Սահակաշվիլին է ստորագրել խարտիան 14 տարի առաջ։
«Սահակաշվիլին այնքան էր ցանկանում այդ ճանապարհին առաջ անցնել Ադրբեջանից ու Հայաստանից, որ չմտածեց հետևանքների մասին: Այնպես որ՝ այժմ երկիրն այլ ելք չունի, քան խարտիան վավերացնելը: Հակառակ դեպքում մենք չենք տեսնի եվրաինտեգրում»: 
«Վրաստանի միացյալ հայրենասերներ» կուսակցության ղեկավարներից Սոսո Մանջավիձեն մտավախություններ ունի:
Ըստ նրա՝ հարցը չի վերաբերում միայն Սամցխե Ջավախքի շրջանին։ Վրաստանում տարբեր փոքրամասնություններով բնակեցված այլ շրջաններ եւս կան։
«Վրաստանում նման պատկերն անընդունելի է մի քանի պատճառներով: Առաջին հերթին խնդիրներ կառաջանան պետության կառավարման հարցում, երկրորդ՝ վրաց հասարակությունը չգիտի թե խարտիայի վավերացումը ինչ հետևանքներ կունենա, իսկ հետևանքները կարող են լինել ուղղակի ողբերգական»:
Հետաքրքրական է, որ զրուցակիցներիցս ոմանք հարցն այսօր բարձրացնելու մեջ պատվիրատու են փնտրում:
«Վրաստանում այսպիսի կարծիք կա. երբ մի վատ բան է պատահում շատերը դրանում մեղադրում են «Ազգային շարժում» կուսակցությանն ու նրա ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին: Այսօր էլ շատերը համարում են, որ դրա պատվիրատուն Սահակաշվիլիին է, ով ուզում է ցույց տալ, թե ինչպիսի վիճակ է ստեղծվել երկրում, երբ իշխանությունն իրենից Իվանիշվիլիին անցավ»,- ասում է վերլուծաբան Գեորգի Արեշիձեն։
Լեզվաբան Կախա Գաբունիան ասում է, որ ոչ մի դեպքում չի կարելի լեզվի մասին հարցը կապել քաղաքականության հետ:
«Օրինակ՝ հիմա խոսում են, թե դա կավելացնի անջոտողականության սպառնալիքը տարածաշրջանում։ Ես կարծում եմ, դրանով բարդեցնում են հասարակ հարցը, որը հեշտությամբ կարող էին լուծել 5 տարի առաջ,  որովհետև Վրաստանը Եվրամիության առջև պարտավորվել է վավերացնել խարտիան»։
Վրացի լեզվաբանը հույս հայտնեց, որ Վրաստանն ի վերջո կվավերացնի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ընդունելով նաև այնպիսի մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի և փոքրամասնությունների, և ընդհանրապես վրաց հասարակության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button