Հասարակություն

Նոր ծառայություն հայաստանյան հեռուստատեսային գովազդային շուկայում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նոր մշակույթ եւ նոր մոտեցումներ Հայաստանի գովազդային ոլորտում. մեկնարկել է «Մեդիա ինթերնեշընըլ սերվիս» ընկերության գործունեությունը Հայաստանում: Ծառայությունը հեռուստատեսությամբ գովազդային ռեսուրսների իրացման առավել պրոֆեսիոնալ եւ որակյալ մոտեցումների հիմք է դնում։
Ընկերությունն արդեն ձեռք է բերել հայաստանյան չորս` «Արմենիա», «ATV», «ԱրմՆյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների գովազդային ռեսուրսների իրացման բացառիկ իրավունքը:
Սա կնպաստի ոլորտի զարգացմանն ու որակական եւ պրոֆեսիոնալ աճին, համոզված է «Մեդիա ինթերնեշընըլ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
Ընկերությունը կիրառելու է ուկրաինական գործընկերոջ հարուստ փորձը, որը հաջողություն է գրանցել մի շարք հետխորհրդային երկրներում: Սա նոր կյանքի սկիզբ է ընկերության եւ հայաստանյան հեռուստատեսային գովազդի շուկայի համար, այսպես ձեւակերպեց «Մեդիա ինթերնեշընըլ սերվիս» ընկերության ուկրաինացի Վլադիմիր Մարշակովը։
Հենց այդ փորձն էլ կօգնի, որ հայաստանյան շուկայում ավելի արագ իր տեղը հաստատի ծառայությունը: Ըստ էության` գովազդատուների համար առաջարկվում են շատ ավելի թափանցիկ ու արդյունավետ միջոցներ։
Ընկերության հիմնադիրները կարծում են, որ հեռուստագովազդի նկատմամբ այս նոր մոտեցումը հնարավորություն կտա նաեւ ավելի բաց ու հասկանալի լինել միջազգային խոշոր գովազդատուների համար` նրանց ներգրավելով հայաստանյան գովազդային շուկա։
«ԱրմՆյուզ»-ի գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանի կարծիքով` ծառայությունը, ըստ էության, հեշտացնում է հեռուստաընկերությունների աշխատանքը` գովազդային ռեսուրսների իրացման առումով, նաեւ` նպաստում հեռուստաընկերությունների մրցունակության բարձրացմանը։
«ՊանԱրմենիա մեդիա հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Վազրիկ Սեկոյանի գնահատմամբ` հեռուստաընկերությունների համար ծառայությունը նշանակում է առավելապես հնարավորություն ունենալ սեւեռվելու իրենց բուն գործունեության` ստեղծագործական արտադրանք տալու վրա` չմտածելով գովազդ վաճառելու եւ գովազդատուների հետ հարաբերություններ ստեղծելու մասին։
«Մեդիա ինթերնեշընըլ սերվիս» ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ իրենց առաջարկած նոր մոտեցումը խթան կդառնա, որ մնացած հեռուստաընկերությունները նույնպես ընտրեն գովազդային ռեսուրսների իրացման այդ արդյունավետ ճանապարհը։

Ցուցադրել ավելի
Back to top button