Քաղաքական

Մտավորականները Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորում են դադարեցնել հացադուլը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել` խոսելու քաղաքական հարցերի մասին։ Մարտին Վարդազարյանը, ով նաեւ Երեւանի ավագանու անդամ է, նախ իր դիտարկումները ներկայացրեց մայիսի 5-ին կայանալիք ավագանու նոր ընտրությունների վերաբերյալ:
Նա կողմ է, որ Երեւանում իրականացվող ծրագրերը շարունակի նույն թիմը, քանի որ Վարդազարյանին, կարելի է ասել, հիասթափեցրել է ավանագու կազմում ընտրված ՀԱԿ ներկայացուցիչների պասիվ պահվածքն այս ընթացքում։
Վարդազարյանի դիտարկումներին համամիտ է նաեւ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը, ով ընդգծեց, թե դա չի նշանակում, թե ինքը քծնում է իշխանություններին, ինքն ուղղակի կատարել է իր ընտրությունն ու սիրաշահելու խնդիր չունի:
Մայրաքաղաքում բազմաթիվ թերությունների կողքին նաեւ կատարված աշխատանքները նկատել հորդորող մտավորականներն այսօր նաեւ հայտարարեցին, որ դժվար թե իրենց առաջիկայում տեսնեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին` Ազատության հրապարակում:
Նրանց այս համատեքստում ավելի շատ մտահոգում են Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական խնդիրները, քան նրա առաջ քաշած հարցերը: Նախագահական ընտրություններն արդեն հետեւում են, թող նա զբաղվի քաղաքապետի ընտրություններով, հորդորեց Մերուժան Տեր- Գուլանյանը` միաժամանակ հայտնելով, որ ինքը, այնուամենայնիվ, պատրաստվում է այցելել արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Հովհաննիսյանին:
Մարտին Վարդազարյանն էլ հայտարարեց, որ «Ժառանգության» առաջնորդի գաղափարներն ինքը չի կիսում։ 
Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած քաղաքական շարժման թեմայով ասուլիսի հյուր մտավորականները մեկ հիմնական ասելիք ունեն, ավելի հստակ` հորդոր կամ ինչպես իրենք ձեւակերպեցին` եղբայրական խորհուրդ` դադարեցնել հացադուլը:
Հովհաննիսյանի «Հաղթել է ժողովուրդը» արտահայտությունը Տեր-Գուլանյանին տարօրինակ է թվում, նրա համար հասկանալի չէ` արդյո՞ք այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին, ժողովուրդ չեն, հարց հնչեցրեց հրապարակախոսը:
Մարտին Վարդազարյանն էլ քաղաքական այս զարգացումների մեջ առավել գերադասելի է համարում հարցերի լուծումը գտնել ոչ թե վեճի, այլ` երկխոսության միջոցով, ինչն էլ գուցե հնարավոր է երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին առաջարկ-պահանջների ներկայացման համատեքստում։

Back to top button