Հասարակություն

Լույսերը կանջատվեն մեկ ժամով

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/230313mut.mp3
Այսօր երեկոյան ժամը 8.30-ին մեկ ժամով կանջատվի Երեւանի խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների, օբյեկտների,  պողոտաների ու փողոցների արտաքին լուսավորությունը։ Հինգ րոպեով անջատվելու է նաև կառավարության 1-ին և 3-րդ շենքերի արտաքին լուսավորությունը:
Խորհրդանշական այս ակցիան անցկացվում է ամբողջ աշխարհում: Նպատակն է այդպիսով մարդկության ուշադրությունը գրավել և համախմբելով ջանքերը  պայքարել կլիմայի փոփոխության դեմ ու լուծել բնապահպանական խնդիրները:
Այս տարի ակցիային կմիանան աշխարհի ավելի քան 150 պետություններ: Հայաստանն այս ակցիային արդեն 5-րդ տարին է միանում: Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ևս Մոլորակի ժամ ակցիային` բնապահպանության նախարարության մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Մարտիրոս Ծառուկյանը նկատեց, որ այս ակցիայի նպատակն է ոչ այնքան էներգախնայողությունը, որքան մարդկանց գիտակցության և վարքի վրա ազդելը:

Ի վերջո՝ մարդիկ պետք է սովորեն Էներգիայից ռացիոնալ օգտվել և այս ակցիան այդ մշակույթը զարգացնելու շատ լավ առիթ է, նկատեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Հրաչ Ծուղունյանը:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քակցիան առաջին անգամ մեկնարկել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ  2 մլն մարդ անջատել էր լույսերը: Տարեց տարի ընդլայնելով աշխարհագրությունը` ակցիան ապահովեց ավելի քան 1 մլրդ բնակչության մասնակցությունը ամբողջ աշխարհում:
Բնապահպանները հավաստիացնում են՝ եթե մարդկությունը շարունակի ապրել այնպես, ինչպես հիմա է ապրում, ապա  2035 թ-ին արդեն Էներգիայի և այլ պաշարների նկատմամբ իր պահանջները բավարարելու համար ստիպված կլինի որոնել Երկիր մոլորակի նման ևս մեկ մոլորակ։

Ցուցադրել ավելի
Back to top button