ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը Հայաստանում զգալի առաջընթաց է նկատում

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը մարտի 20- ին  հրապարակել են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2012թ. տարեկան զեկույցը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ներկայացրել է այն։

Ըստ նրա՝ զեկույցն արձանագրել է առաջընթաց մի շարք ուղղություններով։

«Այսուհետև եվրոպական մի շարք երկրներ մեկնելը ավելի հասանելի կլինի լրագրողների, մարզիկների, ուսանողների, գիտնականների, արվեստի գործիչների և այլոց համար։ Սա երկարատև աշխատանքի արդյունք է, որը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին, որպեսզի էլ օրերով ու ժամերով չկանգնեն դեսպանատների դռների առջև: Նախկինում վճարվելիք 60 եվրոյի փոխարեն այս խմբերի քաղաքացիները այսուհետև կվճարեն 35 եվրո»,- հայտնել է Արթուր Բաղդասարյանը։

Զեկույցն առաջընթաց է նկատել նաեւ Հայաստանում սահմանային անվտանգության ապահովման ոլորտում: Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենի, Բավրայի, Գոգավանի անցակետերի արդիականացման համար կիրականացվի 61 մլն եվրոյի ծրագիր, որը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներ:

Դրական տեղաշարժեր են արձանագրվել արտակարգ իրավիճակների կառավարման, ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններում, Գործողությունների ծրագրի շրջանակներում սոցիալական բևեռացման նվազեցման և սոցիալական համախմբվածության նպատակների իրականացման ուղղությամ։
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ապրիլին մարզերում բացվել է Մարդու իրավունքների պաշտպանի վեց գրասենյակ՝ նպատակ հետապնդելով հզորացնել այդ կարևորագույն հաստատության  կարողություններն ու  հասարակության համար մատչելիությունը: Ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարությունը:  Եվրոպայի խորհուրդը հրապարակել է թրաֆիկինգի վերաբերյալ Հայաստանի առաջին գնահատման զեկույցը՝ ողջունելով պետության գործադրած ջանքերը: Հայաստանն ընդունել է Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման նոր ռազմավարությունը: Իրականացվում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը: 2013 թվականի ավարտին ՀՀ-ում կստեղծվի պրոբացիոն ծառայություն, որին զուգահեռ կմշակվի այլընտրանքային պատիժների կիրառման նորացված մոդելը։
Ըստ զեկույցի` 2012թ. կայացած խորհրդարանական և 2013թ. կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք ընդհանուր առմամբ եղել են թափանցիկ, և Հայաստանի իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառներում: Այդուհանդերձ` հետագայում շարունակական աշխատանքներ պետք է կատարվեն այդ բնագավառներում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու կապակցությամբ:

Խոսելով ԵՀՔ Հայաստանի 2012 թ. առաջընթացի զեկույցում նշված թերացումների, մտահոգություների եւ առաջարկների մասին` Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց, որ 2013-ին դրանց լուծմանը ևս ուշադրություն է դարձվելու և թվարկված առաջարկների իրականացման ուղղությամբ քայլերը կշարունակվեն:

Քաղաքական առաջարկներից ԱԱԽ քարտուղարը նշեց ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի պետական հանձնաժողովի գործունեության անկախության և թափանցիկության ամրապնդման, ընտրական օրենսդրության բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերը շարունակելու հաստատակամության մասին:

Դատաիրավական բլոկի ԵՄ առաջարկություններից Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ոլորտում բարեփոխումների խորացման, դատավորների անկախության մեծացման, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում բարեփոխումների ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու աշխատանքները շարունակվում են:

Զեկույցում տեղ գտած սոցիալ-տնտեսական առաջարկություններից ԱԱԽ քարտուղարն առանձնացրել է աղքատության կրճատման, գործարար մթնոլորտի բարելավման, սննդի անվտանգության, հարկային եւ մաքսային համակարգերի, տնտեսական մրցակցության խորացման, քաղաքացի-պետություն գործարար շփումների նվազեցման մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button