ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան.Ցեղասպանության պատմությունը և դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին: Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Հաջորդ տարի համայն մարդկությունը ոգեկոչելու է Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը և անդրադառնալու է մարդկությանը պատուհասած լայնամասշտաբ պատերազմի հետևանքներին ու դասերին: Մեծ եղեռնի հարյուրամյակը սոսկ տարելից չէ. միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների անցկացումը մեզ հնարավորություն կտա ամբողջ աշխարհին ի ցույց դնել մեր միասնականությունն ու հաստատակամությունը` ցեղասպանության հետևանքների վերացման հարցում ոչ միայն չընկրկելու, այլև հաջորդ սերունդներին պայքարի ու մաքառման նոր եղանակներ փոխանցելու առումներով: Հայոց ցեղասպանության պատմությունը և դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը:

Այն հավասարապես վերաբերում է նաև թուրքական պետության և թուրք ժողովրդի պատմությանն ու հիշողությանը, և այս տեսանկյունից մեզ համար ոգևորիչ է, որ տասնամյակներ շարունակ անփոփոխ մնացած լռությունն ու ժխտողական կեցվածքն այլևս տեղի են տալիս, և թուրք հասարակության առավել գիտակից հատվածն իր մեջ ուժ է գտել վերանայելու անցյալում տեղի ունեցած ողբերգության հանդեպ պարտադրված մոտեցումներն ու կեցվածքը, ավելին` նույնիսկ քննադատաբար մոտենալու պաշտոնական դիրքորոշմանը և ըմբոստանալու ժխտողականության նոր երևույթների դեմ: Մենք համոզված ենք, որ հայերի և թուրքերի ապագա սերունդներն անպայման գտնելու են համակեցության նոր բանաձևը, և դրան հասնելու համար, անշուշտ, օգտակար է լինելու անցյալում գործած ոճրագործությունների հետևանքների վերացման հարցում փոխգործակցությունը՝ որպես արդարության վերականգնման կարևոր երաշխիք»,-իր խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button