Որտեղ է Հայաստանի ամենասեյսմակայուն շենքը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ուղիղ մեկ շաբաթ առաջ լրացավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի պաշտոնավարման երեք տարին եւ այսօր նախարարությունում կայացավ հաշվետու ասուլիսը:
ԱԻՆ ղեկավարը նշեց, որ անցած երեք տարիների ընթացքում հաջողվել է դրական շատ փոփոխություններ իրականացնել արտակարգ իրավիճակների համակարգում:
Ըստ Երիցյանի՝ փրկարարներ ու մարդասիրական օգնություն ներկրող երկրից Հայաստանն այսօր դարձել է փրկարարներ, օգնություն, գիտելիք ու փորձ արտահանող երկիր:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանն այսօր այն 50 երկրների թվում է, որոնք ունեն աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, որը կոչված է համախմբելու երկրի աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բոլոր հնարավորություններն ու ջանքերը` ընդգրկելով բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները:
Անցյալ տարի կառուցված ԱԻՆ նոր մասնաշենքը համարվում է Հայաստանում ամենասեյսմակայուն շենքը, որն իր հարկի տակ է հավաքել ԱԻՆ բոլոր ստորաբաժանումներն ու բոլոր նախարարությունների սերվերային կենտրոնները: Մեծ ուշադրություն է դարձվում տեխնիկական վերազինման հարցերին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
Արմեն Երիցյանը հայտնեց, որ նորաստեղծ «911» արագ արձագանքման ծառայությունն արդեն 1.3 միլիոնից ավելի զանգ է ընդունել, և դրանցից ոչ մեկը անպատասխան չի մնացել:
Արդեն մինչև հաջորդ տարեսկիզբ վերջապես կլուծվի ուղղաթիռի հարցը: Բացի դրանից՝ նախարարությունը կունենա իր օդանավակակայանը:
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը հայտնեց, որ դեռեւս չի որոշվել կուսակցության կարգախոսը: Այնուամենայնիվ՝ նա պարզաբանեց գալիք ընտրարշավում ՕԵԿ նպատակը` պայքարել քաղաքապետի պաշտոնի համար: Այս համատեքստում Երիցյանը նշեց, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին համարում է արժանի մրցակից:
Ի դեպ՝ ամբողջ նախընտրական արշավի ընթացքում ԱԻ նախարարը արձակուրդ կվերցնի, որպեսզի լիարժեքորեն մասնակցի ընտրապայքարին։