ԿարևորՀասարակություն

Խաչիկ Հարությունյան.ՕԵԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է մրցունակ թեկնածուով և հաղթելու հույսով

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Օրինաց երկիր կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է մեծ վճռականությամբ, մրցունակ թեկնածուով և հաղթելու հույսով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ավագանու ընտրություններում ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավար, պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ իրենց ցուցակը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիզյանը, որը լավ կազմակերպիչ է: «Երևանի կառավարման համակարգում բարեփոխումներ են պետք: Դրա համար մենք մասնակցում ենք ընտրություններին եւ անում մեր առաջարկությունները»,-ասել է պատգամավորը:

Թե ինչ մթնոլորտում կընթանա ընտրապայքարը, Խաչիկ Հարությունյանը կգնահատի քարոզարշավի ընթացքում: Բայց մի բան նրա համար արդեն ակնհայտ է: «Այն սրությունը, այն ատելության մթնոլորտը, որ կար քաղաքական դաշտւմ 2009-ին, այսօր չկա: Կարծում եմ`  ընտրապայքարը կանցնի կոռեկտության մթնոլորտում»:

Խաչիկ Հարությունյանն իրենց թեկնածուին մրցակից է համարում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին: «Որեւէ մեկին անտեսել չի կարելի»,-ասել է նա:  Խաչիկ Հարությունյանը բավականին բարձր է գնահատել «Բարեւ Երեւան» դաշինքի հնարավորությունները: «Նախագահական ընտրությունների ալիքը կհասնի ավագանու ընտրություններին և ավագանու կազմում իրենց տեղը կունեն նաև Ժառանգության ներկայացուցիչները»,-ասել է ՕԵԿ շտաբի ղեկավարը` հույս հայտնելով, որ գոնե այս անգամ ընդդիմությունը չի բոյկոտի ավագանու աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button