ԿարևորՄշակույթ

Այս անգամ ոսկին, հաջորդ անգամ` Գրան պրին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

40 երկրների շուրջ 2000 ներկայացուցիչների մասնակցությամբ Գերմանիայում կայացած «Տանց օլիմպ» փառատոնից «Փոքրիկ Նանեներ» պարային համույթը վերադարձել է հաղթանակով: Հաղթանակի բերկրանքն այսօր նրանք կիսել են լրագրողների հետ: «Տանցօլիմպ»-ի 10-րդ ամենամյա միջազգային պարային մրցույթն անցկացվում է Գերմանիայի մայրաքաղաքում: Բացի նրանից, որ մրցույթի մասնակիցների թիվը գերազանցում է 2000-ը աշխարհի 40 երկրներից, «Պարային Օլիմպը» միշտ առանձնացել է իր ժյուրիի աստղային կազմով: Նինա Անանիաշվիլի, Վլադիմիր Մալախով, Սերգեյ Ֆիլին՝ սա այս տարվա ժյուրիի մի քանի աշխարհահռչակ անդամների ազգանուններն են: «Տանցօլիմպ»-ի ոսկին Հայաստանում է: Բացի «Ժամանակակից պար» անվանակարգում առաջին տեղից, պարային համույթը արժանացել է նաև 2 – րդ եւ 3 – րդ տեղերին` «Ժողովրդական պար» անվանակարգում:

Փոքրիկ Նանեներն իրենց գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանի հետ այսօր եկել էին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կիսելու հերթական դժվար, բայց փայլուն հաղթանակի բերկրանքը: Նարինե Տոպոլյանի փոխանցմամբ` մրցանակներից բացի դիպլոմներով ու պատվոգրերով են պարգևատրվել համույթի առանձին սաներ: Փոքրիկ Իռենն ու Լիլիթը պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից դիպլոմի են արժանացել քաջության համար: Մրցույթի ամենակրտսեր ներկայացուցիչները հանդես են եկել դասական պարով:

Մրցույթի Գրան պրին այս անգամ բաժին է հասել Ռուսաստանին: Նանեները համոզված են, որ հաջորդ անգամ այն անպայման կբերեն Հայաստան: Մարիա Գևորգյանն այս հարցում ամենալավատեսն է: Խմբի գեղարվեստական ղեկավարն ասում է, որ նրա լավատեսական կանխատեսումները սովորաբար իրականանում են:

Ցուցադրել ավելի
Back to top button