ԿարևորՔաղաքական

Որքանո՞վ Վարդան Օսկանյանի ունակությունները պետք կգան Երեւանի փողոցները մաքուր պահելու հարցում.ԿԳ նախարար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Երևանի ընտրությունները ավելի լավը պետք է լինեն, քան նախագահական ընտրություններն էին»,- հանրապետության նախագահի քաղաքական մոտեցումն այսօր մեկ անգամ ևս շեշտադրել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերիջնս, ի դեպ, հետընտրական զարգացումների ներկա փուլին տրվող բնութագրումներում ավելի շատ է հիշեցրել, որ ինքը կրթության ու գիտության նախարարն է: Արմեն Աշոտյանը հիշեցրել է նաև, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով ի դեպ, գլխավորելու է ԲՀԿ համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, դեռ մեղադրվում է գումարների լվացման մեջ:

«Չեմ ուզում մեկնաբանել գործի ընթացքը, ուզում եմ ուղղակի որպես երևանցի հասկանալ, որքանո՞վ այդ հմտությունները կարող են պետք գալ Երևանի փողոցները մաքուր պահելու հարցում: Իհարկե որոշ քաղաքական ուժերի համար, ուսանողական բառապաշարով արտահայտված նախագահական ընտրությունների «նիավկայից» հետո հիմա կարծես թե վերջին «լիկվիդ»-ի հնարավորությունն է, սա ակնհայտ է: Թերթերում շրջանառվում են լուրեր ընտրակաշառքի, ընտրակաշառքի աճող ծավալի մասին, ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա հարուցված գործերի արդյունքում մարդիկ են պատժվելու նաև, ակնհայտ է, որ կպատժվեն անխտիր բոլոր ընտրախախտները, նաև Երևանի ընտրությունների ժամանակ: Սա ուզում եմ հատուկ հիշեցնել, և ուզում եմ նաև շեշտել, որ պարոն Օսկանյանը դեռ մեղադրվում է գումարների լվացման գործում»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Մինչեւ մարտի 31-ը հանձնաժողովը կգրանցի ընտրական ցուցակները, նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button