Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանն աջակցում է սիրիահայ 156 անապահով ընտանիքի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ներկայում Երևանում բնակվում է  489 սիրիահայ ընտանիք՝ 1372 անդամներով, և բոլոր ընտանիքների համար առաջնային են համարվում բնակարանների վարձերի և զբաղվածության հետ կապված խնդիրները:
Այս տարվա ընթացքում Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը կտրուկ աճ չի գրանցել, սակայն թիվն ավելանում է, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Երեւանի քաղաքապետարանի կողմից սիրիահայերի համար իրականացվող ծրագրերն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար կատարվել է սոցիալական-վիճակագրական վերլուծություն, գնահատվել են կարիքներն ու առաջնահերթությունները:
Այս ուսումնասիրության համաձայն` սիրիահայերի համար առաջնահերթ են բնակարանային և աշխատանքի տեղավորման հարցերը: Եւ չնայած բնակարանների վարձերը վճարելու դժվարություններին` սիրիահայերը կենտրոնացել են մայրաքաղաքի ամենաթանկ շրջաններում` Կենտրոնում եւ Աջափնյակում:
Առավել անապահով 156 սիրիահայ ընտանիք Երևանի քաղաքապետարանից դրամական աջակցություն է ստացել բնակարանային վարձավճարի, դեղորայքի տեսքով:
Իրենց ողջ ունեցվածքը Սիրիայում թողած մեր հայրենակիցներին տրամադրվել են կենցաղային իրեր: Մի քանի տասնյակ սիրիահայեր կենսաթոշակ են ստանում: Արդեն Հայաստանում սիրիահայերի ընտանիքում ծնված մեկ երեխայի համար տրամադրվել է միանվագ դրամական օգնություն:
Քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը առանձնացնում է սիրիահայերին առնչվող որոշ այլ խնդիրներ։
Սիրիահայերը հենց իրենց հայրենիքում ամենահաճախը նաեւ լեզվական խնդիրների են առնչվում: Ռուսախառն արեւելահայերենը արաբերենին տիրապետող ու արեւմտահայերենով խոսողների համար դժվար ընկալելի է, ուստի սիրիահայերի համար նախատեսված կրթական ծրագրերը ներառել են արևելահայերենի արագացված ուսուցման ծրագիր, նաև ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:
Նար- Դոսի անվան թիվ 14 դպրոցում նախորդ տարվա հոկտեմբերից բացված Կիլիկյան վարժարանի շուրջ 370 աշակերտները թեեւ կրթություն են ստանում սիրիական կրթական ծրագրով՝ արաբերենով, սակայն դրան զուգահեռ երեխաները հայերենով սովորում են կրոնի, հայոց պատմություն: 

Back to top button