ԿարևորՔաղաքական

Հ.Խուրշուդյան.Գործող իշխանությունները համարժեք չեն երկրում ստեղծված իրավիճակը գնահատելիս

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարեւի շարժման վերաբերյալ վերջին օրերին իշխանության հնչեցրած արտահայտությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները համարժեք չեն երկրում ստեղծված իրավիճակը գնահատելիս` Ազատության հրապարակում այսօրվա բացօթյա ասուլիսում հայտարարել է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա գնահատմամբ` հնչած գնահատականներն իրենց ամրապնդում է այն վճռականության մեջ, որ այս իշխանությունները պետք է զիջեն իրենց տեղը, Խուրշուդյանի ձեւակերպմամբ, «ժողովրդին եւ նրա ընտրյալներին»:

Քաղաքական պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ` ասաց Ժառանգության մամուլի խոսնակը: Նրա խոսքով` այդ պայքարի շրջանակներում են նաեւ Երեւանի ավագանու ընտրական գործընթացները, որոնց նույնպես իրենք մասնակցելու են: Ավագանու ընտրություններին, Խուրշուդյանի ձեւակերպմամբ, իրենք մասնակցելու են հիմնական պայքարի հոսանքին զուգահեռ: Ժառանգության մամուլի խոսնակը հավելեց, թե տարօրինակ է, որ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթներն իրենց ներկայացվում է որպես զիջում, որպես առաջարկ: Առանց նման առաջարկի եւ խորհրդի էլ` Ժառանգությունը բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունի մասնակցելու եւ հաղթելու այդ ընտրություններում` հավելեց Հովսեփ Խուրշուդյանը:

Արձագանքելով դիտարկմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններին որոշել են մասնակցել նաեւ այն ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին` Ժառանգության մամուլի խոսնակը դա մի կողմից ողջունելի համարեց: Մյուս կողմից, Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, որեւէ խնդիր չկա, որ ընդդիմադիր ուժերը հետագայում համագործակցեն ավագանու կազմում` Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
Ժառանգության մամուլի խոսնակը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելու վերաբերյալ մանրամասներ կհայտնի Րաֆֆի Հովհաննիսյանը` առաջիկա հանրահավաքում: Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակում «Էմպիրեյ» ռոք-խմբի նախապես ծրագրված այսօրվա համերգի չեղյալ հայտարարելուն: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե տեղյակ չէ, թե ինչու է խմբի որոշման մեջ փոփոխություն տեղի ունեցել եւ չի կարող մեկնաբանել:

Ցուցադրել ավելի
Back to top button