Հասարակություն

Հետազոտական համալսարան, ազգային գիտական լաբորատորիա, գիտական դրամաշնորհ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կոմիտեի 2013 թվականի անելիքները, խոսե]  կառավարությանը ներկայացված ծրագրերի, այդ թվում նաեւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին։
Հետազոտական համալսարան, ազգային գիտական լաբորատորիա, գիտական դրամաշնորհ. սրանք նոր հասկացություններ են, որոնք պետք է ներդրվեն հայաստանյան գիտության մեջ` հավակնելով նոր շունչ տալ Հայաստանի դեպքում ծերացող եւ տարբեր գնահատումներով` պատշաճ գնահատման չարժանացող ոլորտում: 2013-ին Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվելիք կարեւորագույն աշխատանքը, ըստ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրն է:
Նրա վկայակոչած թվերը փաստում են` եթե մինչեւ 2008 թվականը այս ոլորտում ղեկավար դիրքում երիտասարդները կազմում էին ընդամենը 3-4 տոկոս, ապա այժմ այդ թիվը գրեթե տասնապատկվել է:
Կրթության եւ գիտության նախարարությունը վերջին տարիներին արդեն իսկ փորձեր է անում վերացնել ուսումնական համակարգում առաջացած խառնաշփոթը, երբ բազմաթիվ ուսումնական հաստատություններ էին բացվել զուտ կոմերցիոն նպատակներով եւ երբ մոռացության էր մատնվել դրանց իրական` կրթական առաքելությունը:
Գիտության ոլորտում առավել մրցունակ կադրերին նոր հնարավորություններ կընձեռեն առավել հաճախ կազմակերպվելիք մրցույթները: Նախկինում 3-4 տարին մեկ էին կազմակերպվում գիտական մրցույթներ: Այժմ տարեկան անցկացվում է մի քանիսը` ներառելով նաեւ արտասահմանյան մրցույթներ:
Գիտության պետական կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ հանրապետությունից ուղեղների արտահոսքին` կիսելով դիտարկումները, որ դրա հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են։
Ցանկացած մարդ, ցանկացած գիտնական, ըստ նրա, աշխատում է մի սկզբունքով`«Որտեղ հաց, էնտեղ կաց»: Ամեն դեպքում՝ Սամվել Հարությունյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ իսկական գիտնականի համար վաստակած գումարը կարեւոր է, բայց դա չէ նրա հիմնական նպատակը: 

Ցուցադրել ավելի
Back to top button