

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահի հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարի ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը: Նվագախմբի համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում` 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ:
Արվեստասեր հասարակությանը մշակութային իրադարձության կապակցությամբ շնորհավորեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը` նկատելով, որ նախարարության համար նման փառատոնները լուրջ ռազմավարական հենակետ են հանդիսանում: Փառատոնը ապահովվում է արվեստասեր հասարակության համար ե’ւ մշակութային բազմազանությունը, ե’ւ միջմշակութային երկխոսությունը: Միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը զարմանում է և ուրախանում, որ փոքրիկ Հայաստանն այսօր աշխարհին նեկայանում է հզորների կողքին:
«Փառատոնն ամբողջ աշխարհում դարձել է Հայաստանի այցեքարտը: Ես հպարտանում եմ, որովհետև աշխարհի ամենահզորները, մեծերը իրենք են դիմում` համարելով մեծ պատիվ, գալ Հայաստան և մասնակցել փառատոնին»:
Կոմպոզիտորը կարևորում է այս տարվա ծրագիրը: Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախուբը, երաժիշտի ձևակերպմամբ, դասական երաժշտության իրական դեմքն է ամբողջ աշխարհում: Այս նվագախբի երևանյան բեմում հայտնվելը ցույց է տալիս մեր երկրի հզորությունը, ասում է Ստեփան Ռոստոմյանը: Համերգի մենակատարն է հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 14-րդ փառատոնը կներկայացնի նաև Շանհայ քառյակը, Սիդնեյ սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Աշկենազիի ղեկավարությամբ:
Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ` Լյուբիմովի համերգը լինելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Մենք Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ ունենալու ենք հայ մենակատար, որի անունը դեռևս հայտնի չէ, նշեց Սոնա Հակոբյանը:: Փառատոնի մենեջերը շեշտեց, որ նվագախմբի այցին առանձնահատուկ են պատրաստվում և տեղեկացրեց, որ հաջորդ տարի կլրանա փառատոնի 15 ամյակը և այսօր փառատոնը բանակցություններ է վարում մի շարք հեղինակավոր երաժշտական խմբերի հետ` այն հավուր պատշաճի կազմակերպելու համար: