Սոցապահովության ծառայության աշխատակցի համար առաջարկվել է 296 մլն դրամ գրավ


Սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հովհաննես.Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելու մասին։ Ընդ որում, որպես գրավի ապահովման միջոց փաստաբանն առաջարկել էր ընդհանուր առմամբ 296 մլն դրամի արժեքով գրավ, որից 10 միլիոնը դրամի ձևով, իսկ մնացածը՝ անշարժ գույքի, հայտնում է «Փաստինֆոն»։ Դատարանը միջնորդությունը մերժել է։
Հովհաննես Գրիգորյանը որպես մեղադրյալ է անցնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների քրեական գործով։ Ըստ մեղադրանքի՝ Վ.Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: