ԿարևորՄշակույթ

Ռուբեն Գեւորգյանցը վերընտրվեց երրորդ անգամ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի է ունեցել միության 11-րդ համագումարը, որտեղ ձայների մեծամասնությամբ երրորդ անգամ նախագահ է վերընտրվել Ռուբեն Գևորգյանցը: Հիշեցնենեք, որ նա կինեմատոգրաֆիստների միությունը ղեկավարում է 2003 թվականից`ԱԺ պատգամավոր, միության նախագահ Սերգեյ Իսրայելյանի մահվանից հետո: Համագումարին ներկա են եղել այլ ստեղծագործական միությունների նախագահներ ևս: Կինեմատոգրաֆիստներին ողջունել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու փոխանցել նաև հանրապետության նախագահի ուղերձը:

Միության 191 անդամներից 174-ն այսօր մասնացում էին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարին: Ներկաներին հանրապետության նախագահի ուղերձն ու իր ողջույնը փոխանցեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարի դիտարկմամբ, չնայած ոլորտը հաճախ է հայտնվում քննարկումների ու քննադատությունների թիրախում, սակայն դժվար է չնկատել նաև վերջին տարիների առաջընթացը, որն ունենք հայ կինոյի տարբեր ժանրերում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության չորս տարիների աշխատանքի հանրագումարով ու հաշվետվությամբ կինոգործիչներին ներկայացավ միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը` նախ նշելով, որ բոլորն էլ միմյանց կարոտել էին, իսկ համագումարը լավագույն առիթն է հանդիպման համար: Նախագահի խոսքով` որքան էլ դժվար էր հրաժարվել միությանը պատկանող Դիլիջանի հանգստյան տնից, միությունն այնուամենայնիվ գնաց այդ քայլին: Դիլիջանի տունը վաճառվեց Կառավարությանը մեկ միլիոն 452 հազար ԱՄՆ դոլլարով: Գևորգյանցի խոսքով հայաստանայն չորս բանկերում տեղադրված այս գումարից միությունը ստանում է տոկոսներ ու այդ տոկոսներով անում է այն ինչ ցանկանում է:

Մշակույթի նախարարաության հետ համատեղ միությունն այս շրջանում կյանքի է կոչել 7 գիրք` նվիրված հայ կինոյի պատմությանը, պատրաստվում են ևս 6-ը: Ամեն ամիս լույս է տեսնում միության «Կինո գումարած» հանդեսը, որն անդրադառնում է ոչ միայն կինոյին, այլև մշակույթի ամենատարբեր ոլորտներին: Միության նախագահն այս տարիների ամենամեծ նվաճումներից մեկը համարեց Երևանի Մալյան թատրոնի վերակառուցումը: Լուրջ նվաճումների ցանկում առանձնացրեց «Ես եմ» երիտասարդական փառատոնը: Ռուբեն Գևորգյանցը խոսեց վարպետության դասընթացների մասին, որոնք ցանկանում են իրականացնել Երաևանի կինոյի և թատրոնի իմստիտուտի ուսանողների համար:

«Ամեն ինչ իհարկե այնքան էլ վարդագույն չէ: Մենք ամեն օր աշխատում ենք, պայքարում ու հաղթահարում դժվարությունները վայրի կապիտալիզմի այս պայմաններում, բայց կինեմատոգրաֆիստների միության կյանքը գնալով պիտի լավանա»,-հավելեց Ռուբեն Գևորգյանցը: Համագումարի օրակարգային առանցքային հարցն իհարկե միության նոր նախագահի ընտրությունն էր: Ելույթների, քննարկումների ու վերջապես քվեարկության արդյունքում երրորդ անգամ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ վերընտրվեց Ռուբեն Գևորգյանցը:

Ցուցադրել ավելի
Back to top button