Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և սով բացարձակապես չեմ զգում»,-հակադարձելով երեկվա ասուլիսում Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներին` այսօրվա իր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը` շեշտելով, որ թող դա շատ հստակ հնչի որպես իր նախաբան խոսք։
«Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ` լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության զորակցությամբ եւ վստահությամբ»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե չարժե իջնել 3 հազարի թվաբանության մեջ: Նա միաժամանակ հավելեց, որ 5 տարի առաջ ընդդիմության հիմնական թեկնածուն 30 հազարից շատ ավելի ձայն ուներ: Այնուամենայնիվ, ըստ ընդդիմադիր լիդերի, «մենք այս հրապարակում երեք հազարից բազմաթիվ անգամներ շատ մարդ ենք հավաքում, թեեւ, ես ի սկզբանե ասել եմ, որ մեր չափանիշը թե քանակն է, թե որակն է»:
Անպայման չէ, որ մենք հրապարակում պիտի փաստենք մեր մեծաքանակ հաղթանակը, ավելացրեց նա, ապա շեշտեց, թե հաղթանակն ամենուր է, իսկ եթե մեծաքանակությունը տպավորիչ է, ուրեմն Սերժ Սարգսյանը թող սպասի այդ ավելիին:
Անհամաձայնություն հայտնելով նախագահի երեկվա հարցազրույցում հնչած մի շարք տեղեկությունների, ձեւակերպումների ու գնահատականների հետ` նախագահի նախկին թեկնածուն այնուհետեւ ասաց, թե շնորհակալ է Սերժ Սարգսյանից՝ խորհրդապահական ճանապարհը բացելու համար, որը, ըստ Հավհաննիսյանի, առողջարար է լինելու մեր ապագայի համար:
Րաֆի Հովհաննիսյանը բավականին մանրամասնորեն անդրադարձավ ընտրություններից հետո նախագահական նստավայր իր այցի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, ինչպես նաև երեկ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին:
Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանից որեւէ առաջարկ չի ստացել: Փոխարենը՝ նամակ է ստացել ԱԺ-ից:
Այսուհետ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է բաց և թափանցիկ երկխոսություն: Ասաց, քանի որ խորհրդապահական վիճակից դուրս են եկել, ուրեմն սրանից հետո «ինչ լինի` լինելու է լրագրողների առջև կամ ուղիղ եթերում»: